Գիտե՞ք, թե երբ և ինչպես է առաջացել Դիլիջան անվանումը
Դիլիջան անվան առաջին հիշատակությանը հանդիպում ենք ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրության մեջ, երբ նա 1664-1670 թվականներին ճամփորդել է Անդրկովկասով։
Դիլիջանի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ Ըստ ենթադրությունների, այն պատմական Հովքն է, որը Արշակունիների ամառանոցն ու որսատեղին էր: Գրիգոր Պահլավունին այս վայրի մասին ասել է․
«Եթե Աստված մի օր ցանկանա այցելել Հայաստան, ես կբերեմ նրան Հովք (Դիլիջան)։ Հովքի և աշխարհի այլ գեղատեսիլ վայրերի միջև տարբերությունն այն է, որ այստեղ մարդիկ մոռանում են մահվան մասին»։
Տեղանվան մասին կան մի քանի պատմություններ։ Ըստ առաջին պատմության՝ Դիլիջանի խիտ անտառներում ապրել է մի հովիվ, որը սիրահարվել է իշխանավորի դստերը: Իշխանը իմանալով այս մասին` հրամայել է Դիլիջանի խիտ անտառներում այնպես կորցնել հովվին, որ այլևս ոչ ոք չգտնի: Իսկ հովվի մայրը օր ու գիշեր դառնացած փնտրել է որդուն՝ «Դի-լի՜, ջան… Դի-լի՜, Դի-լի՜ ջան» կանչելով:
Ըստ մեկ այլ պատմության՝ «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու» և տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են Դիլիջան անվանումը: