Ինչպես ԳԱԳԻԿ ԱՐՔԱՆ վրեժ լուծեց սաստիկ հայատյացից. Հետաքրքիր պատմություն

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինչպես ԳԱԳԻԿ ԱՐՔԱՆ վրեժ լուծեց սաստիկ հայատյացից. Հետաքրքիր պատմություն…

Կեսարիայի հույն մետրոպոլիտ Մարկոսը սաստիկ հայատյաց էր:Նա նույնիսկ իր շան անունը Արմեն էր դրել:Հայոց Գագիկ արքան լսել էր այդ մասին եւ խիստ զայրացել:

Մի օր նա գալիս է Կեսարիա ու ցանկություն հայտնում իջևանել մետրոպոլիտի մոտ:

Մարկոսը` լսելով այդ, հրամայում իր ամբողջ տունը զարդարել, ապա ընդառաջ է գնում Գագիկին ու մեծ պատիվներով նրան բերում, տեղավորում իր տանը:

Ճաշկերույթի ժամանակ Գագիկը դիմում է Մարկոսին.

«Լսել եմ, որ դու մի զորեղ շուն ունես ուզում եմ տեսնել նրան»:

Մարկոսը հասկանում է, որ գլխին փորձանք է գալու, և չլսելու է տալիս արքայի պահանջը: Գագիկը կրկնում է ասածը, ստիպված կանչում են շանը, բայց` առանց անունը տալու: Բնականաբար, շունը չի գալիս:

«Անունը տվեք, որ գա»,- խորամանկ ժպիտով հուշում է արքան:

Ի վերջո, Մարկոսը գինու ազդեցության տակ կանչում է. «Արմեն, Արմեն»:

Ներս է մտնում առյուծանման մի շուն:

«Այս շան անունն Արմե՞ն է»,- հարցնում է արքան:

«Քաջ է ու ամեհի, դրա համար էլ Արմեն ենք ասում»,- փորձում է ելք գտնել Մարկոսը:

«Հիմա կտեսնենք, թե ով է քաջ` Արմե՞նը, թե՞ Հռոմը»,- վրա է բերում Գագիկը:

Նրա թիկնապահները պատրաստել էին մի պարկ, և արքայի ազդանշանով շանը խոթում են դրա մեջ:

Մարկոսը, կարծելով, թե շանն ուզում են իրենից խլել, զայրանում ու սկսում է գոռգոռալ թիկանապահների վրա: Բայց վերջիններս բռնում են մետրոպոլիտին ու զոռով խցկում այնտեղ, որտեղ նրա շունն էր:

Հետո Գագիկի հրամանով սկսում են դրսից փայտով խփել շանը:

Պատմիչ Մատթեոս Ուռհայեցին գրում է.

«Ատամների կռճտոց ու սրտի հառաչ էր դուրս գալիս պարկից, այսպիսի տանջանքներով սատակեց չար և պիղծ անարգիչը` դառնալով շան ճարակ:

Այնուհետև Գագիկը հրամայեց ավարի մատնել Մարկոսի տունը»:

 

Оцените статью