ՎԱՐՉԱՊԵՏ, ով իր ողջ կյանքը նվիրեց ՀԱՅ ժողովրդի ազատագրմանը
Միհրան Տամատյանը եղել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, մանկավարժ։ Ծնվել է Պոլսում 1863 թվականին: Վենետիկում սովորելիս առաջին անգամ իմանում է հայկական խնդրի մասին, և իր դասընկերներով սկսում են հետաքրքրվել: 1884-ին Տամատյանը նշանակվում է Մուշի Ներսիսյան դպրոցի տեսուչը: Այստեղ նա ծանոթանում է Հայրապետ Ճանիկյանի հետ, ով ավելի ուշ պիտի դառնար Արմենական Կուսակցության Մուշի մասնաճյուղի հիմնադիրը: Կարճ ժամանակ անց, Տամատյանը իր Պոլսում բնակվող եղբորից տեղեկություններ ստանալով թուրքահայությանը հուզող հարցերի մասին, Ճանիկյանի և տեղի առաջնորդարանի քարտուղար` Գեղամ Տէր Կարապետյանի հետ հիմնում է գաղտնի կազմակերպություն:
Այս կազմակերպությունը պետք է շատ գաղտնի գործեր, և նրա անդամները բացի իրենց անդամագրողներից, պետք է իրար անծանոթ լինեին: Սակայն շուտով նրան նախանձողները մատնում են, և նա ստիպված վերադառնում է Պոլիս և աշխատում Օրթագյուղի վարժարանում: Իր ընտանիքին միանալով նա նկատում է, որ անցած մի քանի տարիների ընթացքում Պոլսում շատ բան է փոխվել, և հայկական հարցը ավելի է հեռացել իրականություն դառնալուց: Այս շրջանում նա ծանոթանում է Համբարձում Պօյաճյանի (Մեծն Մուրատ) հետ: 1889-ին նրանք որոշում են միանալ նորակազմ Հնչակյան Կուսակցության մասնաճյուղին, հատկապես Մուրատի պնդումներին տեղի տալով:
1890-ին տեղի է ունենում Գում Գափուի ցույցը, և շատ երիտասարդներ են ձերբակալվում: Տամատյանին հաջողվում է ապաստանել Աթենքում: Մեկ տարի չանցած, Մելքոն Խուրշիտ կեղծ անունով ճանապարհվում է Արևմտյան Հայաստան: Սակայն կրկին մատնության հետևանքով 1893-ին նրան ձերբակալում են: Որպես վտանգավոր հեղափոխական նրան տեղափոխում են Պոլիս: Նրա աջ սրունքը վիրավորվում է: Բանտում մեկ տարի անցկացնելուց հետո նրան հաջողվում է փախչել և 1895-ին կազմակերպում է Պապը Ալիի (Բարձր Դուռ) ցույցը: Սակայն ցույցից մեկ օր առաջ նրան ուղարկում են Բուլղարիա և Ռումինիա:
Հենց լեզուների իմացությունն է փրկում նրան։ Բուլղարիայում, ապա Ռումինիայում ապաստանած Տամատյանին 1895 թվականին Օսմանյան կառավարությունը պահանջում է արտահանձնել։ Լեզվի իմացությունն օգնում է նրան մտերմանալ անգլիական շոգենավի նավապետի հետ, որը նրան հասցնում է Աթենք։
1900-ին ամուսնանում է և հաստատվում Եգիպտոսում, 1917-ին Տամատյանին ուղարկում են Իտալիա: 1918-ին նշանակվում է Կիլիկիո լիազոր ներկայացուցիչ, իսկ 1920թ. Օգոստոսի 4-ին Կիլիկիան հռչակվում է անկախ` նրա վարչապետությամբ:
Ճիշտ է՝ շատ արագ անգլո-ֆրանսիական հակասությունների արդյունքում նորաստեղծ հանրապետությունը ցրվեց, սակայն այս քաղաքական-հասարարական գործչի անունը մնաց պատմության մեջ։ 1921-ին վերառադնում է Եգիպտոս, և նույն տարում նշանակվում է Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնի անդամ, ապա նախագահ: 1922-ին, Մանթաշէֆի ընկերությունը նրան ուղարկում է Բեյրութ, որպես ընկերության տնօրեն: Այստեղ հիմնում է ծխախոտի գործարան և մասնակցում է Հայ Երիտասարդական Ընկերակցության կազմությանը: 1936-ին Տամատյանի առողջական վիճակը ծանրանում է, և նա կորցնում է 43 տարի առաջ վիրավորված աջ սրունքը: Նա վերադառնում է Կահիրե և մասնակցում է Հայ Ազգային Հիմնադրամի ստեղծմանը: 1945 թվականին Կահիրեում էլ մահանում է:
Հասարակական-քաղաքական գործիչ, գրող, թարգմանիչ Միհրան Տամատյանը, որ տիրապետում էր նաև մի քանի լեզուների, իր ողջ կյանքը նվիրեց թուրքական լծից սեփական ժողովրդի ազատագրման գործին։