Հայրենիքին անձնուրաց նվիրված իշխանուհի. նրա ընտանիքում հայերեն խոսք չէր հնչում, բայց նա դա արեց
Մարիամ Թումանյան. հայրենիքին անձնուրաց նվիրված իշխանուհի. նրա ընտանիքում հայերեն խոսք չէր հնչում, բայց նա հայեցի դաստիարակեց իր վեց զավակներին
Մարիամ Թումանյան — հայրենիքին անձնուրաց նվիրված իշխանուհի. նրա ընտանիքում հայերեն խոսք չէր հնչում, բայց նա հայեցի դաստիարակեց իր վեց զավակներին:
Մարիամ Թումանյանը (1870-1947) ծնվել է Թիֆլիսում՝ ծագումով Արցախից հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի ընտանիքում: Ընդամենը 17 տարեկան հասակում նա ամուսնանում է հրապարակախոս, հասարակական գործիչ, «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր, հայ իշխանական տոհմի շառավիղ Գեորգի Թումանյանի հետ՝ ոտք դնելով մի ընտանիք, որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում:
Մարիամը հեղաշրջում է կատարում Թումանյանների օջախում՝ հայեցի դաստիարակություն տալով իր վեց զավակներին: Բացի դրանից, երիտասարդ իշխանուհին իր տունը դարձնում է ժամանակի հայ գրողների, արվեստի և հասարակական գործիչների պարբերական հավաքների` այսպես կոչված «գրական հինգշաբթիների» վայր: Նույն առաքելությանն է ծառայել նաև նրա հանրահայտ և մինչ հիմա կանգուն ամառանոցը Դիլիջանում՝ արդեն ամռան ամիսների ընթացքում:
Դժվար է փոքր նյութում ներկայացնել իշխանուհի Թումանյանի գործունեության բոլոր դրվագներն իր հայրենի քաղաք Թիֆլիսում: Նշենք, որ 1902-ին նա Գաբրիել Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը և մասնակցել Հավլաբարի հայկական ժողովրդական թատրոնի ստեղծմանը։ 1908-ին կազմակերպել է «Իշխանուհի Մ. Թումանյան և ընկերներ» հրատարակչությունը, լույս ընծայել գունավոր պատկերներով մանկական գրքեր։
Մարիամ Թումանյանը եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության Խուդադյան որբանոցի (աղջիկների) կազմակերպիչն ու պատասխանատուն: Նրա ջանքերի շնորհիվ է նախաձեռնվել և կառուցվել թոքախտով հիվանդների համար Աբասթումանի առողջարանը:
Առաջին աշխարհամարտի տարիներին իշխանուհու նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ գաղթականների համար ստեղծվել են կազմարարական, ջուլհակագործական, կարի ու կոշկագործական արհեստանոցներ, իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք նրա ջանքերով բացվել է հայկական դպրոց ու մանկապարտեզ՝ արդեն մայրաքաղաք Երևանում:
Ունենալով բարձր ճաշակ և խորաթափանց միտք` իշխանուհին նկատում էր տաղանդավոր ու խոստումնալից գրողներին և ամեն կերպ սատարում նրանց: Նա վճռական դեր է խաղացել մանավանդ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործական կյանքում:
Իշխանուհու մեկենասությամբ են հրատարակվել Հովհաննես Թումանյանի մի քանի գրքեր և նրա հայթայթած միջոցներով է բանաստեղծը ապաքինվել Աբասթումանում: Ընդանրապես՝ այդ երկու մեծ Թումանյանների բարեկամությունն ի վերջո վերաճեց զգացմունքի, որը սակայն երբեք չհատեց թույլատրելիի սահմանները: