Պարզենք՝ ինչպիսին են եղել Լենին-Տերյան հարաբերությունները

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Պարզենք՝ ինչպիսին են եղել Լենին-Տերյան հարաբերությունները

Վահան Տերյանը իր կարևոր մասնակցությունն է ունեցել Թուրքահայաստանի մասին դեկրետի՝ հայերի համար շահեկան տարբերակի ստեղծմանը։ Նա նաև փորձել է բարձրացնել Հայկական հարցը Բրեստ-Լիտովսկի բանակցությունների ժամանակ:

Եկեք պարզենք՝ ինչ հարաբերություններ է ունեցել Վահան Տերյանը Լենինի հետ։

Սկզբում Տերյան-Լենին հարաբերությունները հարթ էին: Ավելին՝ Տերյանի որոշ քաղաքական հարցադրումներին Լենինն արտաքուստ ընդառաջում էր: Տերյանը Դաշնակցության շատ գործիչների պես դեմ էր, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն Թուրքահայաստանից, քանի որ այդպես ժողովուրդը մնում էր անպաշտպան: Այդ ամենը նրանց պատկերացմամբ պետք է տեղի ունենար Թուրքահայաստանի անկախացումից հետո: Այս հարցով Տերյանը դիմում է Լենինին եւ ստանում գոհացուցիչ պատասխան.

«Նա շատ լավ վերաբերվեց, եւ պարզվեց, որ երբ ինքն ասում է՝ զորքերը հանել Հայաստանից, սրանով ուզում է ասել, թե երբ հայերը պահանջեն այդ, որպեսզի նրանց վրա ճնշում չլինի Ռուսիայի կողմից, եւ նրանք ստիպված չլինեն ռուսական օրիենտացիա ընդունել: Իսկ հայերի ապահովության համար, եթե նրանք այդ կամենան, նա բնավ դեմ չէ, որ մնան հարկավոր եղած զորամասերը»:

Սա Լենինի դիվանագիտական խորամանկ պատասխանն էր Տերյանին, իսկ ահա Ստալինն առանց վարանելու Տերյանի երեսին ասաց. «Մենք իսկույն եւեթ կկարգադրենք, որ զորքերը հեռանան»: Սակայն երբ Տերյանը Ստալինին տալիս է Լենինի գրությունը, եւ նա կարդում է այն, բանաստեղծի վկայությամբ, Ստալինը արդեն այլ կերպ է խոսում:

Այս հարկադրված զիջումը Տերյանին, բնականաբար, Ստալինին դուր չի գալիս: Սակայն դա քիչ էր հուզում Տերյանին, որովհետեւ ինքն էլ բացասական կարծիք ուներ Ստալինի մասին: Շատ լավ հիշում էր, թե ինչ արհամարհական վերաբերմունք ուներ Իոսիֆի հանդեպ իր կողմից շատ հարգված Շահումյանը: Վերջինս իր այդ վերաբերմունքը բնավ չէր թաքցնում եւ բացահայտ ասում էր, որ 1905 թվականին իր ձերբակալության մատնիչը Ստալինն էր, քանի որ միայն նա գիտեր իր թաքնվելու վայրը: Մինչեւ վերջ Ստալինը, կամ «Կոբան», ինչպես անվանում էին նրան մինչեւ հեղափությունը, Շահումյանի համար մնաց ցարական «օխրանկայի լրտես»։

Ստալինը եւ Լենինը շատ լավ հասկանում էին, որ Տերյանին առաջին հերթին հուզում են իր ազգի շահերը, սակայն իրենք էլ իրենց խաղն էին խաղում՝ առերեւույթ շատ հարցերում համաձայնելով Տերյանի հետ: Դրանցից կարեւորագույնը, իհարկե, Թուրքահայաստանի մասին դեկրետն էր, որի կյանքի կոչման գործում նշանակալի դեր է ունեցել Տերյանը:

Այդ դեկրետի առաջնային կետը պետք է հետեւյալը լինեեր. «Թուրքահայաստանի հայերի ազատ ինքնորոշման իրավունք՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն»: Այս կետն շատ էր ուրախացրել Տերյանին եւ հայ հասարակական-քաղաքական գործիչներին: Նրանցից շատերը ջանք ու ճիգ չէին խնայում, որպեսզի այն իրականություն դառնա:

1917 թ-ի դեկտեմբերի 29-ին դեկրետն ընդունվեց, սակայն ճիշտ հակառակ՝ հայերի համար անբարենպաստ դրույթներով: Իսկ Տերյանը թերեւս առաջին անգամ սկսեց գիտակցել, որ հայապաշտպան քաղաքականություն բոլշեւիկներից սպասել պետք չէ: Պատահական չէ, որ հետագա

նամակներում Լենինին հիշատակելիս Տերյանն արդեն գրում է Ղենին՝ ծաղրելով առաջնորդի լեզվական արատը: Այնուամենայնիվ, այդ շրջանում բոլշեւիկյան ղեկավարությունից բանաստեղծը դեռեւս վերջնականապես հույսը չէր կտրել: Դա տեղի պետք է ունենար Բրեստ-Լիտովսկի պայմանագրի բանակցությունների ժամանակ:àq

Оцените статью