Ինչպե՞ս գերմանացին տեղը դրեց թուրք ավազակին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինչպե՞ս գերմանացին տեղը դրեց թուրք ավազակին

1919 թվականի կեսերին գերմանացի արևելագետ, հայագետ, պրոֆեսոր Յոզեֆ Մարկվարտին այցելեց միջին տարիքի թխադեմ մի արևելցի, բարևեց գերմաներեն ու պրոֆեսորի հրավերով ներս մտնում։ Մարկվարտն, ըստ իր սովորության, մի քանի վայրկյանում սեղանին դասավորում է իր հայագիտական ուսումնասիրությունները։

Նա ոգևորված պատմում է այցելուին, թե ինչ է գրել և ինչ է գրում, բայց շուտով նկատում է, որ գերմանախոս «հայը» շատ անտարբեր է իր պատմածների նկատմամբ։ Մտածում է, թերևս «հայը» կարևոր գործ ունի հետը։ Քիչ անց այցելուն ասում է, որ ինքը մի քանի ձեռագիր է ուզում վաճառել, բայց գրադարանի վարչությունն ուղարկել է ձեռագրերը Մարկվարտին՝ ի գնահատություն։ Այս խոսքերի վրա մեկնում է պրոֆեսորին հասցեագրված գրադարանի վարչության գրությունը։ Մարկվարտը խնդրում է ցույց տալ ձեռագրերը։ Այցելուն սեղանին է դնում 4 թե 5 ձեռագիր, որոնց մեջ կային հրաշալի մանրանկարներով զարդարված երկու մագաղաթյա մատյաններ։

— Ինչո՞ւ եք վաճառում. բա ափսոս չէ՞, դրանք ձեր պապերից մնացած սրբություններ են, ո՞վ գիտե, քանի՜ հարյուր տարի սերնդից-սերունդ են անցել, մինչև հասել են ձեր ձեռքը։ Խորհուրդ եմ տալիս չվաճառել, տարեք տուն, դուք էլ կկտակեք ձեր որդիներին, թող պապական սեփականությունը ձեր տոհմից դուրս չգա։
— Պրոֆեսո՛ր, ես հայ չեմ. ես թուրք սպա եմ։
— Ապա որտեղի՞ց են ձեր ձեռքն ընկել այս ձեռագրերը,- հանկարծակիի գալով, հարցնում է Մարկվարտը։
— Գիտե՞ք, պրոֆեսոր, երբ մենք գերմանական մի վաշտի հետ հարձակվեցինք Վանի մոտերքում մի գյուղաքաղաքի վրա և այնտեղից դուրս քշեցինք հայերին, զինվորները մտան տեղի վանքը և սկսեցին կողոպտել ու ոչնչացնել այն, ինչ չէին կարող իրենց հետ տանել։ Ես նկատեցի գետնին թափթփած բազմաթիվ գրքեր, մի 10 գիրք վերցրի, դրանց մեծ մասն այսպես նկարազարդ էին։ Սրանք բերել եմ Բեռլին, ուզում եմ վաճառել և ընտանիքիս համար գնումներ կատարել:
— Ուրեմն դուք կողոպտի՞չ եք,- ընդհատում է նրան պրոֆեսորը զայրացած,- հայերի հուշարձաններն եք կողոպտել, գողացել եւ ուզում եք վաճաոել ու հայերի դժբախտության վրա ձեզ համար վայելուչ ու բախտավոր կյանք ստեղծե՞լ։ Դուրս կորեք իմ տնից, ավազակ։ Դո՛ւրս, անմիջապես հեռացեք…

Թուրք սպան ձեռքը մեկնում է, որ ձեռագրերը վերցնի, բայց պրոֆեսորը թույլ չի տալիս, զայրացած կանչում է տնտեսուհուն, որ ոստիկաններ հրավիրի։ Թուրքը տեսնելով, որ միջադեպը խորանում է և զայրացած պրոֆեսորից չի կարող վերցնել ձեռագրերը, ընկրկում է ու փախչում նրա բնակարանից։ Ձեռագրերը մնում են Մարկվարտի մոտ։ Մի երեք շաբաթ անց, նա գրքերն ուղարկում է Վիեննա՝ Մխիթարյանների գրադարան։

Ի դեպ, հինավուրց մշակույթի տեր հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու բարյացակամությունն ընդգծելու համար Մարկվարտը հայերեն է թարգմանել իր անուն-ազգանունը և երբեմն ստորագրել «Հովսեփ Բդեշխյան»։

«ԷՋՄԻԱԾԻՆ» ամսագիր, ապրիլ, 1965

Оцените статью