Իսահակյանի նամակը իր կյանքի միակ սիրուն՝ Շուշանիկ Մատակյանին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Իսահակյանի նամակը իր կյանքի միակ սիրուն՝ Շուշանիկ Մատակյանին

Վերջին անգամ պիտի լամ քո առաջ և հայհոյեմ քեզ. Իսահակյանի նամակը իր կյանքի միակ սիրուն՝ Շուշանիկ Մատակյանին

Ավետիք Իսահակյանի նամակը իր կյանքի միակ սիրուն ՝ Շուշանիկ Մատակյանին

«Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշի’կ, մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս: Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչն է ստիպում ինձ գրել… Սիրե՞լ. ես քեզ չեմ սիրում:

Ատե՞լ. ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել` նորից սպանել. հավիտյան ապրել և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել (անզոր եմ ես), ամբողջ էությունս բարի է…և որ ամենաողբալին է` ես դեռ քո ճիրաններում եմ:

Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ: Երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրել, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում: Դու մի´ որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ:

Ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչերիդ նայելու չեմ, Աստվա´ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քո առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ, հայհոյեմ քո բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենանվիրական սերը շան պես դուրս վռնդեցիր, որովհետև դու ինձ չարչարեցիր, նահատակեցիր` անսահմանորեն:

Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա´, Շուշի՛կ, Աստված քեզ հետ, ապրի´ր քո երեխաների համար. ինձ մի´անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի´ հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ: Աղաչում եմ քեզ, ինձ թաղի՛ր քեզ համար հավիտյան, ինձ երբեք մի´ նայիր. ազնիվ խո՛սք տուր այդպես վարվելու: Ես թող բոլորովին չեղած, չծնված մարդ լինեմ քեզ համար: Հոգիս խորշում է, երբ մտածում եմ, որ երբեմն դու կմտաբերես ինձ:

Պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծո անուն, որին այդ տաճարը չի պաշտում, չի «հնազանդվում», չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի:

Քո հոգու տաճարից թող ես լինեմ դուրս` ես օտար, չճանաչված եմ այդտեղ… Աղաչում եմ քեզ: Ես էլ կվարվեմ քեզ հետ այդպես: Դու ինձ համար մեռա՜ր, մեռա՜ր… Արտասվելով համբուրում եմ քո գերեզմանը և ճամփա ընկնում՝ նոր Աստված գտնելու…
1904 թ.»

Оцените статью