Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի վանքը գտնվում է Վասպուրական աշխարհի Աղբակ գավառում, Հադամակերտ (Բաշկալե) քաղաքից հյուսիս-արևելք, երկու գետակների միախառնման վայրում։
Ըստ ավանդության կառուցվել է Գրիգոր Լուսավորչի ժամանակներում (4-րդ դար) և այստեղ է թաղված Բարդուղիմեոս առաքյալը։ Կառուցված է բլրի վրա, որը երեք կողմից ակոսված է Տիգրիսի վտակներով, «Վանքի գետով», իսկ չորրորդ կողմում՝ լեռնաճյուղի վրա «Վանքի գյուղն» է։
Վանքը շրջապատված է աշտարակավոր պարիսպներով, որոնց ավերակները նշմարվում էին վերջերս։
Տաճարը հոյակապ շինություն էր, կառուցված սրբատաշ քարերից, սյունազարդ ու քանդակազարդ էր։
Շքեղ է եղել նաև գավիթը, որը կառուցվել է ուշ ժամանակներում՝ 11-12-րդ դարերում, եղել է գրչության հայտնի կենտրոն։ Նոր ժամանակներում, մինչև Մեծ Եղեռնը, վանքն ուներ դպրոց և որբանոց։
Վանքի կառուցման մասին կան նաև այլ ավանդություններ, որոնցից մեկի համաձայն այն հիմնադրել է Սանատրուկ թագավորը, որը իբր վանքի հյուսիսային պարսպի մոտ գտնվող «Կաթնաղբյուրի» ջրով փրկվել է
բորոտությունից, մի այլ ավանդության համաձայն, հիմնադիրը եղել է Տրդատ թագավորի որդին։
Թե ե՞րբ է հիմնադրվել, դժվար է ասել, բայց նրա մասին հավաստի տեղեկությունները սկսվում են 14-րդ դարից: