Երեխան չի ապրի, չափից շատ նվազ է ու թույլ. Կռահեցի՞ք, թե ԽՍՀՄ տարիների որ ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀՈՒ մասին է խոսքը, գիտեի՞ք այս պատմությունը
Դե իհարկե, խոսքը հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս՝ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ մասին է։
Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում։ Գոհարի հայրը եղել է Կոմիտասի սաներից մեկը:
Գոհարը լույս աշխարհ էր եկել յոթ ամսական տարիքում։ Այն տարիներին բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը։ «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- ցավով նշում էին ընտանիքի անդամները։
Սակայն նրա տատը միակն էր, ով հակառակն էր պնդել՝ ասելով. «Կապրի և բոլորիս հպարտությունը կդառնա»։
1940 թվականից դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ Ռադիոյի ղեկավարությունը բացառության կարգով խախտեց ռադիոյի կանոնադրությունը, ըստ որի մեներգիչներ կարող էին լինել բացառապես մահմեդականները։ 1948 թվականին հրավեր է ստանում Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնից, սակայն նա ոչ միայն մերժել է այդ առաջարկը, այլև նույն թվականին 24 տարեկան հասակում հայրենադարձվել Հայաստան։
Մեծն արտիստուհին 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է։ Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է «Լակմե»-ի դերերգով համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։
Գոհար Գասպարյանը ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, ԽՍՀՄ նախկին
հանրապետություններում և այլուր։ Նրան ծափահարել են աշխարհի նշանավոր թատրոններում՝ Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Grand Opéra», Մոսկվայի «Bolshoi Théâtre» և այլուր։ Նրան անվանել են «Հայաստանի սոխակ»։