Թուրքերը այս եկեղեցին ևս կողոպտել ու ավերել են․ Գիտե՞ք, թե որտեղ է գտնվում Սուրբ Թովմա առաքյալ վանքը
Սուրբ Թովմա առաքյալ վանքը գտնվում է Նախիջևանի Գողթն գավառի Ագուլիս ավանի կենտրոնում։ Ըստ ավանդության և Սուրբ Թովմա եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի չափածո արձանագրության, վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը և իր աշակերտ Կումսիին նրա առաջնորդ կարգել, իսկ 305թվականին վանքը վերակառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը։
Եղել է Գողթն գավառի հոգևոր կենտրոնը: Մինչև 1838թվականը եղել է եպիսկոպոսանիստ։ Նրա վերաբերյալ վավերական հիշատակությունները հայտնի են 14-րդ դարից։ Որպես կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոն ծաղկում է ապրել 17-րդ դարում:
Վանքի եկեղեցին և շինությունների խարխուլ լինելու պատճառով 1632-33թվականներին վանահայր Խաչատուր վարդապետը կառուցել է նոր պարիսպներ և շինություններ, իսկ 1634-36թվականներին՝ եկեղեցու նոր շենքը։ 1668թվականին Պետրոս վարդապետը, Վասպուրականից հրավիրած վարպետների ուժերով, շրջանաձև բուրգերով նոր պարիսպներ և դրանց կից 2–3-հարկանի նոր շինություններ է կառուցել։ Վանքի եկեղեցին 1679թվականին երկրաշարժից հավանաբար տուժել է, և 1694թվականին հիմնովին նոր եկեղեցի է կառուցվել՝ սրբատաշ բազալտով և կարմրավուն ֆելզիտով՝ ներսից յոթանիստ խորանով, չորս խաչաձև մույթերով գմբեթավոր բազիլիկի հորինվածքով։
Արևմտյան ճակատի արձանագրություններում նշված են նոր եկեղեցու շինարարությանն աջակցած Գողթն գավառի 30-ից ավելի բարերարների անունները։ Եկեղեցու ներսը 17-րդ դարի վերջին որմնանկարել է վանքի դպրոցի սան, ապա նրա ուսուցիչ և վանքի դպիր, նկարիչ Նաղաշ Հովնաթանը։ Գմբեթը և խորանի գմբեթարդը նկարազարդվել են որպես երկինք՝ կապույտ ֆոնի վրա փայլող աստղերով, բեմի անկյուններում պատկերված են չորս թևատարած հրեշտակներ, իսկ նրա մարմարե ճակատին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկան։
Եկեղեցու գլխավոր՝ արմևմտյան մուտքի ճակատակալ քարին «Սուրբ Թովմայի անհավատությունը» պատկերագրությամբ հարթաքանդակն է։ Եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորին քանդակված է ողջ հասակով կանգնած Պողոս առաքյալը, իսկ հարավային մուտքին՝ Պետրոս առաքյալը՝ դրախտի բանալիները ձեռքին։
Վանքում 14-18-րդ դարերում գործել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր։ Մեզ հասած հնագույնը Վարդան գրչի՝ 1375թվականին ընդօրինակած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողμերգությանն» է։ Վանքի գրչության կենտրոնը 1752թվականին կողոպտել են Ատրպատականի Ազատ խանի, իսկ 1789թվականին Մուստաֆա խանի
հրոսակները։ Նրանք վանքի սպասքի հետ հափշտակել են նաև ձեռագրերը։ Վանքում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում։ 1918թվականին թուրքական զորքերն ավերել են Ագուլիսը, կոտորել հայ բնակիչներին, կողոպտել վանքը, որը դրանից հետո լքվել է և ամայացել։