«Եթե հային թողնենք, հայության հոտը կկտրի աշխարհից». Ինչու՞ է այսպես խոսել ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ Լեռ Կամսարը հայերի մասին
Րաֆֆին մի վեպ է գրել, անունը՝ «Խենթը»: Այս «խենթը» Տաճկահայաստան է գնում եւ ինքզինքը նվիրում է տաճկահայության ազատության գործին։ Երկար աշխատելով, երբ չի կարողանում իրականում գլուխ բերել այդ բանը՝ պառկում եւ իր «երազում» է ազատագրում հայության այդ մասը։
Բայց եթե ես Րաֆֆու վիպական շնորհքն ունենայի, կգրեի մի վեպ ու անունը կդնեի ոչ թե «Խենթը», այլ «Խելոքը»։ Իմ «խելոքը» հայ ժողովրդին ո՜չ իր արթնությանը կազատագրեր, ո՜չ էլ երազում։ Որովհետեւ հայերն իրենց օրում ազատություններ շատ են տեսել, բայց չեն կարողացել օգտվել իրենց տրված ազատությունից։
Այո՜, հայերն ազատ են եղել թե՜ առասպելաբանության մեջ, թե՜ իրականում, թե՜ երազում։
Ո՞ր ազգի ազատությունն է այսքան ճոխ ասորտիմենտ ունեցել։ Ո՜չ մեկի։
Հայկ նահապետն իր 300 քաջերով ջարդե՞ց Բելի բանակը։ Ջարդեց։
Արտաշես Աշխարհակալն իր հաղթական բանակը տարածե՞ց աշխարհի չորս կողմը։ Տարածեց։
Տիգրան Մեծը արշավե՞ց մինչեւ Պաղեստին։ Արշավեց։
Րաֆֆու «Խենթը» իր երազում ազատե՞ց հայերին օտարի լծից։ Ազատեց։
Բայց ասացեք խնդրեմ, այս բազմաթիվ ու բազմատեսակ ազատություններից ի՞նչ շահեց հայ ժողովուրդը։ Ոչինչ։
Այս ազատությունները տրված էին միայն իրար կոտորելու համար։ Հայերը հնում նախարարությունների բաժանված իրար կոտորեցին, հիմա էլ կուսակցությունների բաժանված են իրար կոտորում։ Հնում Մանաճիհր Ռշտունին սրի քաշեց Սլկունյաց տոհմը, ներկայումս հայ բոլշեւիկները սրի քաշեցին դաշնակցական կուսակցությանը։ Սրա՞ համար ազատվենք օտարի լծից…
Ո՜չ, ես չեմ ազատվի, ես օտարի լծի տակ կմնամ հավետ, որովհետեւ ինձ համար հարազատի ձեռքով սպանվելը շա՛տ է դժվար։ Հայը հային բանտերն ածի, պատուհանից գնդացիրը դնի ու բոլորին մեկանց գետին փռի, վերջն էլ գետինը փորի ու արնաթաթախ դիակներն իրար վրա շարի, ինչպես ձուկը տակառում եւ ինչի՞ համար։ Սկզբունքի։ Նրա համար, որ մեկն ուզում է իր վաստակած հացն իր ընտանիքի հետ ուտել, մյուսն առաջարկում է այդ հացը կոլխոզի պահեստը տանել՝ նոր բաժանել. ում ձեռքն ընկավ՝ ուտի, ում ձեռքը չընավ՝ նստի նայի… Ահա այս է պատճառը, որ ես «Խենթը» չեմ գրի, այլ «Խելոքը» կգրեմ։
Իմ «խելոքը» ո՜չ իրականում կազատագրի հայերին, ո՜չ իր երազում։ Նա հայությունը կբաժանի չորս մասի՝ դաշնակների, հնչակների, ռամկավարների ու բոլշեւիկների եւ կտանի մեկը հույներին կհանձնի, մյուսը՝ պարսիկներին, երրորդը՝ թուրքերին, չորրորդը՝ արաբներին եւ շատ կխնդրի՝ ոտները շղթայած պահեն, որ Հայաստան չմտնեն։ Եթե մտնեն՝ իրար պիտի կոտորեն, եւ Հայաստանը թողնեն առանց հայերի։ Նրանք թեեւ օտարներ են, էլի կարող են խիղճ ունենալ եւ կամենալ, որ աշխարհում մի երկու հայ ապրի։ Իսկ եթե հայի՞ն թողնենք՝ հայության հոտը կկտրի աշխարհից։
1962թ., անտիպ
«Առավոտ» օրաթերթ 29.10.2021