Նա ՀԱՅ ազգի ԽԱՐԻՍԽՆ էր, ով նվիրեց ամեն ինչ ԵՐԵՎԱՆԻՆ, բայց ոչինչ չպահանջեց». Ո՞վ էր Հրաչյա Ներսիսյանի որդին
Նրան լսում էին, լսում էին հիացմունքով… Նա կորչելու, մոռացվելու մտավախություն չուներ: Նա մտքերը բաց էր թողնում ազատ թռիչքի, նրա ասելիքը գրից կառչած չէր ու այս աշխարհին կառչելու մեծամիտ ցանկություն չուներ: Նա միանգամյա բռնկման կրակ էր: Նա հախուռն էր, բայց նրա դեմքին բոհեմական միայնություն կար: Նա խարիսխ էր… Տիգրան ՄանսուրյանԼևոն Ներսիսյան
Մի ամբողջ 70 ամյակ իր ներկայությունն այս քաղաքին շռայլել ու փոխարենը ոչինչ չէր ակնկալել:
Լևոն Ներսիսյանը ծնվել է 1931թ.-ին, Երևանում: Հայրը հայ մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանն է: Երևանի պետական համալսարանի սան, իսկ հետագայում անտիկ գրականություն դասախոս էր: Բայց դա զուտ ֆորմալ ձևակերպում է. Լևոն Ներսիսյանը համալսարանական ֆենոմեն էր:
ՆԱ արտիստ էր, վիրտուոզ, կյանքի հետ անվերջանալի խաղի ու համագործակցության մեջ:
«Պարապ բաներին տրվողը չէր: Իր լռելու մեջ անշուշտ ասպետ էր, նաեւ խոսելու մեջ էր ասպետ: Եվ այդ ասպետականությունը ամբողջ կյանքի ընթացքում կարմիր թելի պես տարավ: Մտքի ասպետ, հոգեւոր ճանապարհ անցնելու ասպետ նրանց համար, ովքեր հավատում էին, թե կարելի է չծախվել սիստեմին, չծախվել ուժին, չծախվել ստին: Եվ ինքը դրա առաջնորդն էր մի քանի սերնդի համար»
Տիգրան Մանսուրյան
Նա ազատատենչ էր: Սակայն այդ բառի մեջ չկա կեղտոտ ոչ մի բան: Միջավայրը նրան երբեք չփոխեց:
«Ասում են՝ մարդը տարբերվում է ուրիշ դասերից զգացմունքներով: Իբր մարդը սիրել գիտի, ատել գիտի, իբր անասունը չգիտի: Մինչդեռ ի՞նչ սեր, երբ մարդիկ հազարամյակներով իրար կոտորել են, դավաճանել են, իսկ այնքան կան լավ գազանիկներ, որոնք երբեք ոչինչ իրար չեն արել…» Հատված՝ Լևոն Ներսիսյանի դասախոսություններից Լևոն Ներսիսյանը մահացավ 1999թ.-ին՝ ժամանակաշրջանում, որին ամենաքիչն էր արժանի, ժամանակաշրջանում, որն իրեն արժանի չէր: Նրա վերջին հրաժեշտը Երևանի պետական համալսարանում չէր, որովհետև մի խումբ հասարակ բյուրոկրատներ այդպես էին կամեցել, ասել էին՝ գիտական կոչում չունի: