Հայաստանից Ղրիմ արտագաղթած ուսուցիչների, տաղասացների, գրիչների մեծ մասը հանգրվանել է հենց այս ՀԱՅԿԱԿԱՆ վանքում. Գիտե՞ք՝ ինչու էր այն ավերվել
Խոսքը Հայ առաքելական եկեղեցու գործող վանքային համալիրի՝ Սուրբ Խաչ վանքի (Սուրխաթի Սուրբ Խաչ) մասին է, որը գտնվում է Ուկրաինայի Հանրապետության Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կիրովի շրջանի Ստարի Կրիմ քաղաքից 3,5 կմ հարավ-արևմուտք Գրիցյա լեռան հյուսիսարևմտյան լանջին:
Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կիսաշրջանաձև խորաններով ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք, ինչը բնորոշ է Հայաստանի 10-13-րդ դարերի վանքերի եկեղեցիների ճարտարապետությանը։
14-17-րդ դարերում Սուրխաթի վանքը հայտնի է եղել իր դպրոցով, գրչատնով, կրթված միաբաններով, որոնք զգալի դեր են կատարել Ղրիմի հայ գաղութի հոգևոր-մշակութային կյանքում։ Հայաստանից Ղրիմ արտագաղթած ուսուցիչների, տաղասացների, գրիչների մեծ մասը հանգրվանել է վանքում։
17-րդ դարում, ըստ Հակոբ վարդապետ Կաֆայեցու, Սուրխաթի վանքում ճեմարան է գործել, որտեղ 1611 թվականից ուսուցչություն է արել տաղասաց և գրիչ Ստեփանոս Թոխաթեցին (Եվդոկացի)։ 1686 թվականին կառուցվել է վանքի բակ տանող դարպասը, 1719-1922 թվականներին Հակոբ արքեպիսկոպոսը կառուցել է պարիսպը և խցերի երկհարկանի շենքը։
1751 թվականին Ադամ արքեպիսկոպոսը վերանորոգել է վանքի համալիրը։ 1860-ական թվականներին կառուցվել են վանքի հյուրատունն ու բնակելի շենքի երկրորդ հարկը։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռմբակոծությունից լիովին ավերվել է հյուրատունը, որը հետպատերազմյան տարիներին գրեթե նույնությամբ վերանորոգվել է՝ ըստ լուսանկարների և գրչանկարների։
Վանքի տարածքի 1973 թվականի և 1976 թվականի պեղումներով բակի հյուսիսային կողմում բացվել են 14-15-րդ դարերում շինությունների հիմքերը։ Սուրբ Նշան եկեղեցում պահպանվել են 14-րդ դարում որմնանկարներ։ Արևմտյան մուտքի վերևում պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, խորանին՝ «Բարեխոսության» տեսարանը։ Որմնանկարների ոճը, մեղմ գույները, կերպարները նմանվում են Ղրիմի 14-րդ դարի մանրանկարիչ Գրիգոր Սուքիասանցի ստեղծագործություններին (որմնանկարները նորոգվել են 18-րդ դարում)։
16-րդ դարում եկեղեցուն արևմուտքից կցել են մեկ զույգ մույթերով եռանավ, թաղածածկ գավիթ և համալիրի ներքին բակի արևմտյան կողմում կառուցել խոշոր խոհանոցով սեղանատուն։
Գավթի պատերի և մույթերի շարվածքում ագուցված են խաչքարեր, որոնցից ամենավաղը թվագրվում է 1551 թվականից: