Հայրս Խորեն Աբրահամյանն է. Խորհրդային շրջանում ստիպված էի թաքցնել դա հասարակությունից. Լատվիացի արվեստագետ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հայրս Խորեն Աբրահամյանն է. Խորհրդային շրջանում ստիպված էի թաքցնել դա հասարակությունից. Լատվիացի արվեստագետ

azgonline.am-Ը ԳՐՈՒՄ Է

Լատվիացի երգիչ, դիջեյ, դերասան, կինոօպերատոր և լուսանկարիչ Խորեն (լատվիական գրությամբ՝ Հորեն) Ստալբեն ծնվել է 1971 թվականի մարտի 8-ին, Ռիգայում: 1990 թվականին հիմնադրել է «Ֆաք Արթ» երաժշտական խումբը: 90-ականներին որպես դիջեյ աշխատել է SWH ռադիոկայանում: Նրա «For Black Man Christmas No Weekend» երգի հոլովակը MTV-ով ցուցադրված առաջին լատվիական տեսահոլովակն էր: 1995 թվականին նրա խումբը հաղթել է «Լիեպայայի սաթ» մրցույթում: 2002-ին Խորեն Ստալբեն Լինդա Լինի հետ զուգերգով մասնակցել է «Եվրոերգ» մրցույթին՝ «Դադարեցրե՛ք պատերազմը» երգով փորձելով իրավունք ստանալ Լատվիան ներկայացնելու Եվրատեսիլում:

2014 թվականից Խորեն Ստալբեն «Ռիգա Ռեգգա» խմբի մենակատարն ու ղեկավարն է: 2003 թվականին հրատարակել է Հիմալայներ եւ Նեպալ մեկնած արշավախմբի մասին «Կես ճանապարհ» լատվիերեն գիրքը, որը դարձել է բեսթսելեր: 2009-2013 թվականներին Խորենը ղեկավարել է եգիպտական Դահաբ հանգստավայրում գտնվող «Բալթիկա» ջրասուզման ակումբը: 2011 թվականի մայիսին «Ստորջրյա լուսանկարչություն» միությունը նրան ճանաչել է աշխարհի լավագույն ստորջրյա լուսանկարիչը՝ «Լայն ոսպնյակ» անվանակարգում:

Նրա հետ հարցազրույցը «Azgonline.am»-ում ներկայցրած լրագրողը նշում է, որ  Խորենի հետ զրույցն ընթացել է առցանց, ռուսաց լեզվով՝ սկսվելով իր հայերեն ողջույնով ու Ստալբեի, նույնպես հայերեն «բարև ձեզ» պատասխանով…

-Խորե՛ն, քո մասին առաջինը հայերեն գրել է Աշոտ Գրիգորյանը, ինչը շատ հաճելի անակնկալ էր: Սկսենք քո գործունեությունից: Ինչպե՞ս ես բնութագրում քո ստեղծագործությունը:

STOPPED

-Իմ աշխատանքում՝ մանկության տարիներին նկարչությունից մինչև երաժշտությունն ու կինոն, ամենակարևոր ուղերձը մշտապես եղել են շրջակա միջավայրի պաշտպանությունն ու այն գաղափարը, որ մենք բոլորս եղբայրներ ու քույրեր ենք՝ անկախ ռասայից և կրոնից: Իմ յուրաքանչյուր համերգ սկսվում է երկար ասմունքով, որն ավարտվում է «Մեկ արև և մեկ երկիր» խոսքով: Ես բաժանված եմ երկու աշխարհի միջև, բայց միակ բանը, ինչին բացարձակապես վստահ եմ, այն է, որ շրջապատում բոլոր մարդիկ եղբայրներ ու քույրեր են:

Մանկուց շատ եմ սիրել բնությունն ու մեր աշխարհը… Ինձ թվում է, որ այս աշխարհը Տիրոջ ստեղծագործությունն է, և մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք նրան: Այս դիտանկյունից եմ ես տեսնում շրջակա միջավայրի պահպանությունը: Ինչ վերաբերում է իմ «Դադարեցրե՛ք պատերազմը» և մյուս կարգախոսներին, որոնք օգտագործում եմ համերգներիս ժամանակ, ապա դրանք, հավանաբար, հոգով մոտ են հայերին, քանի որ Սերժ Թանկյանը՝ «Սիսթեմ օֆ ը դաուն» խմբի մեծագույն երաժիշտը, որին մի օր հուսով եմ հանդիպել և ընկերանալ, սկզբունքորեն շատ նման բաներ է անում, և նրա ուղերձը նույնն է, ինչ որ մերը: Ինձ համար՝ որպես արվեստագետի, ամենակարևորն այն է, որ զգամ, թե ինչ իմաստային բեռ է կրում այն արվեստը, որն առաջարկում ենք աշխարհին: Ուստի ինձ համար տարբերություն չկա՝ նկարչություն, երաժշտություն, պար, թե այլ բան, կարևորն այն է, թե ի՛նչ իմաստ ենք դնում նրա մեջ: Անկախ ամեն ինչից, միշտ փորձում եմ աշխարհը ցույց տալ լավ, դրական և գեղեցիկ կողմից: «Գեղեցկությունը տեսնելու կարողությունը աշխարհին սիրով նայելու պարգեւ է»։ Այսպես կբնութագրեի աշխարհին ուղղված իմ ուղերձը:

-Խորե՛ն, մենք հասակակից ենք: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպիսին է 50 տարեկան լինելը: Եվ ես ասում եմ, որ նրանք, ովքեր պնդում են, թե տարիքը պարզապես թիվ է, միանգամայն իրավացի են: Հետաքրքրական է, ի՞նչ ես կարծում:

-Երիտասարդը նա չէ, ով երիտասարդ տեսք ունի, այլ նա, ով կարող է փոխվել, ով ունի սեփական հայացքներն ու համոզմունքները: Այսպես կասեմ. երիտասարդ հոգին և երիտասարդ մարմինը նույնը չեն: Մեր իմացած շատ մարդիկ, համաշխարհային ռոք աստղեր և այլք, դեռահաս են մնում իրենց ողջ կյանքում, ինչը մեզ գրավում է: Երիտասարդ սերնդին կմաղթեմ լինել ավելի համարձակ, վառ և, առհասարակ, ինչ-որ կերպ արտահայտեն իրենց մտքերը ոչ միայն բարձր ձայնով, այլև խորունկ ձևով:

-Խորհրդային տարիներին քիչ թե շատ գիտեինք լատվիական էստրադայի մասին: Ինչպե՞ս ես գնահատում այսօրվա լատվիական փոփ երաժշտությունը:

-Անշուշտ, խորհրդային տարիներին լատվիական էստրադան բոլորովին այլ էր, բոլորդ գիտեք մեր մեծ երգահան Ռայմոնդ Պաուլսին: Ի դեպ, նրա մեծությունը ոչ միայն երաժշտության մեջ է, այլև նրա անհատականության, ինչպե՛ս է նա խոսում մարդկանց հետ, ինչպե՛ս է կատակում: Դուք կարող եք ինձ չհավատալ, բայց յուրաքանչյուր ոք, ով տեսել է նրան իր կյանքում գոնե մեկ անգամ, պարզապես շունչը պահած սպասում է, թե ինչ կասի, քանի որ նրա ասած ամեն ինչ այնքան ծանրակշիռ է, այնքան սրամիտ, որ մարդ չի ուզում ոչինչ բաց թողնել: Եվ, իհարկե, նա ճառագում է բարություն, ջերմություն, արև… Չգիտեմՙ այլ կերպ ինչպես նկարագրել… Կան շատ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ՝ և՛ ռոք երաժշտության, և՛ հիփ-հոփի մեջ, որը շատ տարածված է երիտասարդների շրջանում: Ինքս էլ սկսել եմ որպես հիփ-հոփ կատարող՝ մի խմբի հետ, որի համար մրցանակ եմ ստացել հիփ-հոփում իմ ներդրման համար:

-Շարունակվո՞ւմ է Յուրմալայի երգի փառատոնը:

-Իմ կարծիքով, Յուրմալայի փառատոնի ժամանակն անցել է, թեև այն որոշակի դրական դեր է խաղացել: Իմ «Ֆաք արթ» ռոք խմբով 1994-1995 թվականներին ելույթ ունեցանք Մոսկվայում, գրավեցինք չորրորդ տեղը, որից հետո ելույթներ ունեցանք Յալթայում և Յուրմալայում: Բայց փառատոնն ինքն իրեն կամաց-կամաց անհետացավ: Կարծում եմ՝ դրանում դեր է խաղացել քաղաքականությունը, որը կապ չունի արվեստի հետ:

-Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել ստորջրյա նկարահանումներով:

-Մայրս հիդրոերկրաբան է, և քանի որ մեծացել եմ մորս հետ՝ հիանալի մեկուսացման մեջ, մենք միշտ ճամփորդել ենք: Ամբողջ մանկությունս անցել է մայրիկիս ու նրա գործընկերների հետ արշավների մեջ՝ լճերում: Չորս տարեկանում արդեն գիտեի ջրի քիմիական անալիզ կատարել: Հասարակածի երկայնքով շրջել եմ ողջ աշխարհում, ավելի ճիշտ՝ ստորջրյա աշխարհով: Ընդհանրապես, սիրում եմ ճանապարհորդել, ստորջրյա աշխարհ ճանապարհորդությունն իմ առաքելությունն է: Սիրում եմ վավերագրական ֆիլմեր նկարահանել և մասնակցել եմ ստորջրյա փաստագրությունների նախագծերին, ձկների կյանքի մասին և այլ թեմաներով: Մասնակցել եմ մի քանի համաշխարհային ռեկորդների նկարահանմանը, աշխատել եմ ֆրիդայվինգի աշխարհի չեմպիոն Ալեքսեյ Մոլչանովի հետ: Մասնակցել եմ մի քանի ֆիլմերի՝ որպես դերասան և օպերատոր, երկու նախագիծ եղել է 2021 թվականին, բայց իմ ամենամեծ արկածը եղել է 10 և ավելի տարի առաջ, երբ մի ռուսական կինոընկերության հետ մեկ ամսից ավելի Պապուա Նոր Գվինեայում ստորջրյա նկարահանումներ էինք կատարում 3D ձևաչափով, ինչը շատ դժվար ու տքնաջան էր: Այն ժամանակ աշխարհում ընդամենը հինգ օպերատոր կար, որ զբաղվում էր նման աշխատանքով: Շատ բան է արվել այս ուղղությամբ և շատ ավելին դեռ պիտի արվի: Նաև, լինելով կիսով չափ հայ, մեծ սիրով կուզենայի համագործակցել հայերի հետ՝ աշխարհի ցանկացած կետում ու նաև Հայաստանում:

-Երևի քեզ ամբողջ կյանքում ձանձրացրել են՝ Լատվիայի համար անսովոր քո անվան մասին հարցով:

-Այո, տարօրինակ անվանս հետ կապված հարցերով ինձ ձանձրացրել են ողջ կյանքում, հատկապես մանկության տարիներին, բոլորը զարմանում էին, հառաչում ու շնչակտուր հարցնում՝ ի՞նչ, ինչո՞ւ: Բայց մյուս կողմից, մանկուց անսովոր անուն ունենալով՝ հայտնվել էի մի իրավիճակում, որն ինձ առանձնահատուկ էր դարձնում մյուսներից. գոնե տեսողականորեն տարբերվում էի լատվիացի մյուս երեխաներից, և իմ անունն, իհարկե, դեր էր խաղում: Հետո, երբ սկսեցի զբաղվել արվեստով, անունն ինձ շատ օգնեց, քանի որ եթե ուրիշներն ունեն կեղծանուններ, բեմական անուններ, ապա ինձ նման բան պետք չէր: Իմ ժողովրդականության շնորհիվ այժմ Լատվիայում կա ընդհանուր առմամբ 60 Խորեն:

-Լատվիայում և Հայաստանում բոլորը, ովքեր ճանաչում են քեզ, գիտեն, որ դու կրում ես քո հոր՝ Հայաստանում ճանաչված դերասանի և բեմադրիչի անունը, բայց նրա անունը երբեք չի բարձրաձայնվում: Դա դիտմա՞մբ ես անում, թե՞ արդեն կարելի է նշել:

-Կարծում եմ, այժմ արդեն կարելի է բարձրաձայն արտասանել հորս անունը, քանի որ հասկանալի պատճառներով կյանքում երբեք իսկապես չեմ կարողացել որևէ մեկին ասել, թե ով է հայրս և որքան տաղանդավոր ու հայտնի է նա: Հորս մասին միայն լավ բաներ եմ լսել մորիցս, թե ինչ տաղանդավոր, հրաշալի, հետաքրքիր է նա… Այո՛, հայրս Խորեն Աբրահամյանն է, և խորհրդային երկար տարիներ ստիպված էի թաքցնել դա հասարակությունից, որպեսզի չվնասեմ ո՛չ հորս, ո՛չ հանրությանը, որովհետև բոլորս մտածում էինք՝ ի՞նչ կասեն մեր մասին, ինչպե՞ս կլինի… Հուսով եմ, որ հորս հսկայական տաղանդից, նրա պայծառ հոգուց մի նշույլ ընկել է ինձ վրա (ծիծաղում է): Ի դեպ, ովքեր ինձ տեսել են բեմում, ծիծաղելով ասում են, որ մենք նույնիսկ նույն կեցվածքն ունենք, ինչպես ենք կանգնում, ինչպես ենք խոսում, ինչպես ենք շփվում… Մի անգամ, երբ երեխա էի, մայրիկիս հետ հասարակական տրանսպորտում էինք: Մեր կողքին հայ ուղևորներ կային, որոնք սկսեցին խոսել մեզ հետ, անունս հարցրին ու լսելով պատասխանը՝ շատ զարմացան ու ասացին. «Գիտե՞ք, մեր հայտնի դերասաններից մեկի անունն էլ Խորեն է»։ Մայրս տխուր ժպտաց և ասաց. «Գիտեմ»…

-Խորե՛ն, իսկ քո մեջ ի՞նչը կբնորոշես որպես «հայկական», ի՞նչը՝ «լատվիական»։

-Հետաքրքրակա՛ն հարց է: Մեծացել եմ զուտ լատվիական միջավայրում և սկզբում ամաչում էի խոսել իմ արմատների մասին: Հետո, 18 տարեկանում, երբ ընդունվեցի կոնսերվատորիա, դերասանական բաժին, իմ սիրելի ուսուցչուհին՝ բեմադրիչ Մառա Կիմելեն (ի դեպ, նա մի անգամ հորս հետ Հայաստանում ներկայացում է բեմադրել), հարցրեց ինձ. «Որտեղի՞ց է քո այդ անունը»։ «Դե, անունս հայկական է»։ Նա հարցրեց. «Հայրիկդ հա՞յ է»։ Նա ժպտալով նայում էր ինձ, քանի որ արդեն ամեն ինչ հասկանում էր… Ես գլխով արեցի: Նա առաջին մարդն էր, որն ինձ ասաց. «Դու պետք է հպարտանաս դրանով, ոչ թե ամաչես»։ Այնպես որ՝ շնորհակալությո՛ւն նրան:

Եթե խոսեմ միաժամանակ կատակով և ամենայն լրջությամբ, կարծում եմ, որ հայերից ժառանգել եմ հուզական և բռնկվող բնավորություն, իսկ լատվիացիներից, հավանաբար, նախանձախնդրություն կամ դրա նման մի բան: Բայց կուզեի, որ այլ կերպ լիներ՝ հայերից ժառանգեի, օրինակ, խելացիություն ու գիտելիք, իսկ լատվիացիներից՝ աշխատասիրություն ու հանդուրժելու, լռելու կարողություն: Սա նույնպես կատակ է: Կարծում եմ, որ այս երկու աշխարհները հոգու, աշխարհի ընկալման ու արժեքների իմ յուրահատկությունն են: Այս աշխարհները միավորվեցին իմ մեջ՝ մասամբ երկատելով ինձ: Երբ ծնվել եմ, մեր ընտանիքի մի լավ բարեկամ ասել է. «Կցանկանայի, որ նա լինի իր հոր պես տաղանդավոր և մոր պես աշխատասեր»։ Եվ իմ անսովոր հայ-լատվիական ճակատագրի շնորհիվ պաշտում, սիրում և հիանում եմ սարերով ու ծովով, հետևաբար, երբ ինձ հարցնում են, թե ինչ եմ անում, կատակով ասում եմ, որ «մագլցում եմ ու սուզվում»…

-48 տարեկանում առաջին անգամ այցելեցիր Հայաստան: Կարո՞ղ ենք ասել, որ այդ տարվանից նոր էջ բացեցիր քո կյանքում:

-Անկասկած, դա նոր էջ է իմ կյանքում: Հայ կինս ինձ համոզում էր, որ անպայման պետք է այցելեմ Հայաստան, որովհետև այդպիսով կհասկանամ, թե ինչու եմ այսպիսին, ինչու եմ այսպես խոսում, այսպես մտածում, այսպիսի հույզեր ունենում: Եվ ես երախտապարտ եմ «Ճանապարհորդություն աստղի հետ» հեռուստահաղորդմանը, որն ինձ հրավիրեց մեկնելու Հայաստան, և ինձ թվում է, որ Աստվա՛ծ ինձ ուղարկեց այնտեղ: Երբ մարդիկ ինձ հարցնում էին, թե ինչո՞ւ չեմ գնում Հայաստան, չեմ հանդիպում հայ հարազատներիս, պատասխանում էի, որ դա կկատարվի շատ հատուկ ձևով, և այն պիտի կատարվի որպես ուխտագնացություն: Եվ այդպես էլ եղավ:

-Ո՞րն էր ամենավառ հիշողությունը Հայաստանից:

-Առաջին տպավորությունս, երբ հասանք Հայաստան, սկսվեց լուսաբացը, կանգ առանք, սկսեցի դիտել Հայաստանի այս գեղեցկությունը, համբուրեցի հողը, մի քիչ արտասվեցի ու շնորհակալություն հայտնեցի Արարչին, որ 48 տարի հետո հնարավորություն ունեցա տեսնել հորս երկիրը: Սա, իհարկե, անջնջելի էր: Իմ կյանքում եղել են ճակատագրական ուղևորություններ, որոնց մեջ առաջին տեղում, իհարկե, Հայաստանն է: Որևէ ճամփորդության ժամանակ, առավել ևս՝ Հայաստան երկիր կատարած իմ սուրբ ճանապարհորդության ժամանակ, ամենակարևորը մարդիկ են:

Այսպիսով, ամենահուզիչն իմ հարազատների հետ հանդիպումն էր և այն, թե ինչպես նրանք ծանոթացան ինձ հետ… Դե, իհարկե, երբ այցելեցի հորս գերեզմանին… համենայն դեպս, մենք այդպե՛ս հանդիպեցինք այս կյանքում…

Մանկուց ինձ շատ էին գրավում կրոնը, տարբեր սուրբ գրքերի ուսումնասիրությունը, ուստի Հայաստանում վանքեր, սրբատեղիներ այցելելը և այն, որ Հայաստանը քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է, նույնպես շատ կարևոր էր ինձ համար:

Այս փորձառությանս համար երախտապարտ եմ ընտանիքիս, հայաստանցի հարազատներիս, «Արմենիա թրեվըլ» ընկերությանը, իմ ուղևորությանը նպաստած Արմեն Ղասաբօղլյանին…

Աստված օրհնի՛ Հայաստանը:

-Հայուհի կին ընտրելդ միտումնավո՞ր էր, թե՞ պատահաբար:

-Մի անգամ հանդիպեցի մի գեղեցիկ աղջկա, իսկ հետո, երբ խոսեցինք, պարզվեց, որ հայուհի է, ու ես մտածեցի, որ սա ճակատագիր է: Շատ ուրախ եմ, որ կինս Լուսինե Ծատուրյանն է, նա ինձ շատ է ոգեշնչում և օգնում իմ աշխարհընկալմանը…

Ի դեպ, իմ նախաձեռնությամբ լատվիացի մտավորականների մի խումբ դիմել է երկրի նախագահին և Սեյմին՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:

-Համավարակը մեծապես ազդել է հատկապես բեմի մարդկանց կյանքի վրա: Ինչո՞վ ես զբաղվել այս ընթացքում և ինչո՞վ ես զբաղված հիմա:

-Քովիդը շատ լավ ցույց տվեց, թե ով գիտի խելամտորեն արտահայտել իր կարծիքը և ով է ճնշում գործադրում ուրիշների վրա: Եվ ընդհանրապես ցույց տվեց՝ ով ով է: Ասենք այսպես. Տերը մեզ դիմակներ հագցնելով՝ մեզնից պոկեց մեր դիմակները և ցույց տվեց, թե իրականում ինչպիսին են մեր դեմքերն ու հոգիները… Նման իրավիճակները պետք է ավելի մոտեցնեն մարդկանց, իսկ մենք, ընդհակառակը, ինչպես միշտ, ամեն ինչ փչացնում ենք, և պառակտվում երկու ճամբարի՝ դիմակի և պատվաստումների կողմնակիցներ ու հակառակորդներ: Մենք ինչ-որ կերպ պետք է սովորենք այս աշխարհում եթե ոչ Հիսուսի նման սիրել, ապա գոնե հանդուրժող լինել միմյանց հանդեպ:

Իհարկե, բեմի մարդկանց և ընդհանրապես հասարակության հետ աշխատող մարդկանց համար սա հսկայական հարված է և գլխիվայր հեղափոխություն համընդհանուր կյանքում, բայց համավարակի շնորհիվ սկսեցի մի շարք հարցազրույցներ անել հայտնի մարդկանց հետ, որոնք կարող են ուրիշներին ոգեշնչել բարի և մեծ Գործերի: Նաև համավարակի պատճառով նորից հայտնվեցի Եգիպտոսում, Դահաբում գտնվող Սինայի սուրբ երկրում, որը Մովսեսի լեռից, Սուրբ Կատարինեի վանքից ոչ հեռու է, որտեղ արդեն ապրել էի հինգ տարի… Ես նորից սուզվում եմ, նկարահանում ու լուսանկարում, ցույց եմ տալիս այդ աշխարհի գեղեցկությունը եւ սիրում եմ Ստորջրյա աշխարհն ու ինձ շրջապատողներին…

Ողջույններ եմ հղում բոլորիդ Սինայի Սուրբ Երկրի՛ց:

-Սիրելի՛ Խորեն, շնորհակալություն հարցազրույցի համար: Մաղթում եմ, որ ավելի հաճախ այցելես քո երկրորդ հայրենիքը, որտեղ շատերը հիշում ու սիրում են քո հորը և ուրախ էին՝ «բացահայտել» քեզ…

Оцените статью