Հարսը թույլ չէր տալիս, որ ծեր սկեսրայրն իրենց հետ սեղան նստի. Ի՞նչ արեց թոռը
Գրիգորն արդեն շատ ծեր էր, սակայն փորձում էր ինքնուրունությունը չկորցնել և հնարավորինս նեղություն չտալ տղային ու հարսին: Թոռները նրան շատ էին սիրում, քանի որ բարի ու խելացի մարդ էր: Հաճախ էին միմյանց հետ զրուցում, պապը հետաքրքիր պատմություններ էր պատմում, թոռներն էլ մեծ սիրով լսում էին: Թոռները նաև պապից մեծահոգություն ու բարություն էին սովորում, քանի որ պապը միշտ խրատում էր լինել բարի ու կամեցող:
Սակայն այլ էր հարսի՝ Նվարդի վերաբերմունքը Գրիգորի հանդեպ: Նա ամուսնու հորը համարում էր ավելորդ և ամեն օր բողոքում ու դժգոհում էր, թե ստիպված է նրա համար էլ ճաշ պատրաստել ու լվանալ շորերը: Դրանից բացի, Նվարդը չէր սիրում, երբ Գրիգորն իրենց հետ սեղան էր նստում ճաշելու, ուստի նրան արգելել էր իրենց հետ սեղան նստել: Նա սկեսրայրի ուտելիքը դնում էր առանձին սեղանին, որպեսզի վերջինս այնտեղ ճաշի:
Նվարդի այս պահվածքը դուր չէր գալիս զավակներին, սակայն նրանք լռում էին՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար: Սակայն մի օր թոռներից ամենափոքրը՝ Կարենը, չդիմացավ, վերցրեց ափսեով ուտելիքը գնաց նստեց պապի կողքն ու ասաց. «Սրանից հետո ես պապուս հետ եմ հաց ուտելու: Մամա՛, իմ ուտելիքն էլ ստեղ կդնես, ես ձեր հետ էլ սեղան չեմ նստելու: Պապի ջան, ցավդ տանեմ, քո հետ հաց ուտելն ավելի հաճելի ա»:
Նվարդին, իհարկե, դուր չեկավ որդու պահվածքը, նա քթի տակ մի երկու խոսք մրթմրթաց ու գնաց խոհանոց: Հաջորդ օրը, երբ կրկին ճաշի ժամ էր, Նվարդը մտավ ճաշասենյակ ու տեսավ, որ բոլոր թոռները շարվել են պապու կողքին ու պատրաստվում են այնտեղ ճաշել: «Մեր բաժին ուտելիքն էլ այստեղ բեր, մամա՛, մենք էլ ենք այսուհետ պապիկի հետ ճաշելու, դու մենակ կարող ես նստել մեծ սեղանի մոտ ու ուտել քո ուտելիքը»,- հայտարարեց միջնեկ թոռը:
Նվարդը մնաց մենակ՝ մեծ սեղանի շուրջ: Նա չկարողացավ ուտել ոչ մի պատառ, նրա աչքերից արցունքները գլորվում էին, քանի որ մենակությունն ու լքված լինելը խեղդում էր նրան: Նա միայն այդ պահին զգաց ինչ վատ է վարվել ամուսնու հոր հետ ու թե ինչ է զգացել այդ ընթացքում ընտանիքի պապը: