Գիտե՞ք, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ եղել է մի ծառ, որի տերևներից ՄԵՂՐ էր կաթում. Լսե՞լ եք այս ծառի մասին
Հույն պատմագիր Դիոդորոս Սիկիլիացին ուշագրավ տեղեկություններ է թողել հին հայերի տնտեսական կյանքի մասին։ Իր աշխատություններում Դիոդորոսը, անդրադառնալով Ք.ա 401 թ. հունական 10-հազարանոց զորքի նահանջի ճանապարհին հանդիպած դժվարություններին, պատմում է, թե ինչպես է զորքը, կարդուխների երկրից Հայաստանի սահմանն անցնելով, փրկվում ոչնչացումից.
«Եվ բոլորն էլ կատարելապես կոչնչանային, եթե չհանդիպեին պարենաշատ գյուղերի, որտեղ մարդիկ վայելում էին կյանքի համար անհրաժեշտ բարիքների առատությունը»:
Հայաստանի մասին նա գրել է.
«Այստեղ երկիրը ավելի բերքառատ է, քան մեկ այլ վայրում:…Տեղաբնիկներին հայտնի է մի ծառ, արտաքինով կաղնու նման, որի տերևներից մեղր է կաթում, ոմանք այն հավաքում են պղինձների մեջ ու օգտագործում իրենց կարիքների համար։»
Տերևների վրա նստող այդ մեղրանման նյութը սասունցիներն անվանում էին գազպեն (մանանա), որն օգտագործվել է որպես սնունդ և դեղամիջոց։ Մեղրանման այդ թանձր հյութը պահում էին կարասներում և գործածում մինչև նոր բերքահավաք:
Աղբյուրը՝ Նահապետյան Ռ., «Ազգաբանական ուսումնասիրություններ — 3», Երևան, 2020