Այս ՀԱՅԸ համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ՌԱՀՎԻՐԱՆ. Գիտե՞ք՝ ում մասին է խոսքը և ինչ գրական անունով է նա հանդես եկել

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Այս ՀԱՅԸ համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ՌԱՀՎԻՐԱՆ. Գիտե՞ք՝ ում մասին է խոսքը և ինչ գրական անունով է նա հանդես եկել

Խոսքը հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանի մասին է՝ ծնված 1840 թվականի նոյեմբերի 17-ին Վանում:

Գարեգինը նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։

Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թթ. շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։

Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ 1867 թ. Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ։

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։

1879-1881 թթ. եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 1881 թ. կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում։ 1886 թ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր։

Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։

Սրվանձտյանը «Վարդ» գրական անունով թղթակցել է Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների։

Սրվանձտյանը հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգութիւն մեծին Սահկայ Պարթեւի եւ անկումն Արտաշրի Արշակունւոյ» (գրված 1860-1870 թթ.) և «Շուշան Շաւարշանայ» (1875 թ.) թատերական երկերով։ Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։

Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։

Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թ. Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։

Оцените статью