Գիտե՞ք, թե ինչպես է ընտրվել ՀԱՅԱՍՏԱՆԻ ամենաընթերցվող ու սիրված գրողներից մեկի կեղծանունը
Խաչիկ Դաշտենցը հայտնի հայ արձակագիր է, բանաստեղծ և թարգմանիչ։ Իր կենսագրությունը նա այսպես է ներկայացնում.
«Ծնվել եմ 1910թ., Սասունի Խութ-բռնաշեն գավառակի Դաշտադեմ գյուղում: Մեր գյուղը Սև սարի վրա էր, իսկ այդ սարի ետևը` Մշո դաշտն էր: Մորս չեմ տեսել… այնուհետև հիշում եմ, որ պատերազմ եղավ … հայրս մահացավ Մուշ քաղաքում և հորեղբայրս ու քեռիներս գաղթեցին Մուշից: Ճանապարհին մեծ եղբորս` Գրիգորի հետ Բասենի որբակայանը: Ապա … Ալեքսանդրապոլի … Թբիլիսիի … Ղարսի … Լենինականի մանկատներ: … ավարտել եմ միջնակարգ դպրոցը 1926 թվականին: Իմ առաջին բանաստեղծությունները գրել եմ այդ դպրոցի գրասեղանների վրա …: Եվ ապա Երևանի պետական համալսարան (1929 — 1932), որից հետո Մոսկվա՝ Օտար լեզուների ինստիտուտ (1935-1940), և այնուհետև` նորից Հայաստան: 1940 թվականից… ապրում եմ Երևանում … Անկուսակցական եմ: Սակայն կուսակցության մեջ, թե կուսակցությունից դուրս` կարևորը ժողովրդին և հայրենիքին ազնվորեն ծառայելն է: Այն մարդը, որ իր գործով չի նպաստում այս վեհ նպատակին, մոլախոտ է աշխարհի վրա: Մնացյալը ցրված է իմ գրվածքներում»:
Իր գրական կեղծանունը ընտրել է հարազատ գյուղի անունով: Գրողն այսպես է մեկնաբանում իր գրական անվան պատմությունը.
Տարոնցին հարցրեց. — Խաչիկ, դու ո՞ր գյուղից ես։ — Դաշտադեմ։ — Խութ–Բռնաշենում է, կարծեմ։ Սև սարի վրա։ Ձեր գյուղի դիմաց ի՞նչ սարեր են երևում։ — Ծովասարը և Մարաթուկը։ — Ուրեմն լավ կլինի, որ գրական ազգանունդ ստորագրես Դաշտենց։ Թե ձեր գյուղի անունը կհիշվի, և թե, բացի այդ, բոլորս պետք է համախմբվենք Չարենցի շուրջ։ Նա Նոյեմբեր միության քարտուղարն է և կազմակերպիչը։ — Ուրեմն Դաշտենց ստորագրեմ։ — Միայն այդպես։ Այդ օրվանից ստորագրեցի Խաչիկ Դաշտենց։
Գրականության մեջ առաջին իսկ քայլերից Դաշտենցը դառնում է Հայքի ամենաընթերցվող ու սիրված գրողներից մեկը։ Վաղ մանկուց նա կլանել էր ժողովրդական բանահյուսությունը, պատմություններն ու հեքիաթները, կենցաղը, սովորույթներն ու ծեսերը, որոնք հետագայում դարձան հեղինակի էպիկ արձակի հիմքը։
Ռուբեն Զարյանը Դաշտենցի մասին գրել է.
«Նա գիտեր իր արժեքը, բայց ի ծնե լինելով չափազանց համեստ, չէր սիրում անդրադառնալ անցած-գնացածին: Ընդհանրապես խաղաղ էր, գոնե արտաքուստ, վեճերին էլ մասնակցում էր հանգիստ, կամացուկ, հարևանցի միջամտությամբ: Նա կարող էր նույնիսկ անտարբեր մարդու տպավորություն թողնել: Բայց այդպես չէր: Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում, մաշում: Չեմ կարող ասել, թե ինչ, որովհետև երբեք չբացվեց նա, բայց մի վիշտ, տանջող, սիրտը կրծող մի վիշտ ավերումներ էր անում՝ չթողնելով ոչ մի կանգուն սյուն հոգու խորքերում, որին կարողանար ապավինել, երբ ինքն իր հետ մենակ էր մնում…
Ոչ մեկս չէինք լսել, որ Դաշտենցը անգլերեն խոսի: Ընկերները, իրեն սիրող ու մոտիկ մարդիկ կատակով հարցրել են. «Խաչիկ, իսկապես գիտե՞ս անգլերեն, թե՞ ռուսերենից ես թարգմանում»: Խաչիկը… ո՛չ վրդովվել էր, ո՛չ էլ ապացույցներ տալու մտահոգություն ունեցել: Ժպտացել էր և դրանով հարցը փակել:
…1974-ին էր: Խաչիկի մահվանից երևի մի երկու ամիս առաջ: Խոսք բացվեց գերհոգնածության շուրջ, խոսվեց այն մասին, որ ինքնապահպանման կուլտուրա չունենք, մաշում ենք մեզ, ինքներս ենք կրճատում մեր կյանքը: Դաշտենցը ժպտում էր:
_ Երևի քեզ էլ երկարատև հանգիստ է պետք, Խաչիկ:
Բոլորս էլ հոգնածություն էինք նկատում նրա դեմքին:
_ Ես միանգամայն առողջ եմ: Նույնիսկ չգիտեմ, թե որտեղ է սիրտս: Հա՛, հիշեցի, ձախ կողմում:
Ու իրեն չհիշելու համար սիրտը վրեժխնդիր եղավ: Կարճ, ազդու և վերջնական…»: