Մի օպերայի պատմություն․ Գիտե՞ք, թե ինչպես է գրվել Սպենդիարյանի Ալմաստ օպերան
Այս հետաքրքիր հանդիպումը վերհիշել է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը։ Ահա թե ինչպե՞ս է Մեծ գրողի դուստրը հիշում երկու հսկաների հանդիպումը․
«Ալեքսանդր Սպենդիարյանը հաճախ էր այցելում հայրիկին. ճաշերին երբեմն մեր տուն էր գալիս, երեկոները հայրիկի հետ անցկացնում:
Սպենդիարյանը հետաքրքրվեց «Անուշ» պոեմով. ուզում էր ձայնագրել: Բայց ծանոթանալուց հետո նյութը գտավ միանգամայն անծանոթ: Որոշեցին ամռանը միասին Լոռի գնալ: Հետո հայրիկը կարդաց «Փարվանան». կոմպոզիտորը հավանեց և ավելի հարմար գտավ օպերայի համար, բայց նկատեց, որ սյուժեն փոքր էր: Խնդրում էր՝ հայրիկը որոշ հատվածներ ընդարձակի, երգեր ավելացնի և այսպիսով իրեն հնարավորություն տա օպերա գրելու: Հայրիկը կարծես թե գլխի ընկավ նրա ցանկացածը և կարդաց «Թմկաբերդի առումը»:
Սպենդիարյանն ուրախացած տեղից վեր թռավ ու սկսեց սենյակում ոգևորված ման գալ: Նա խնդրեց, որ հայրիկն ամբողջ պոեմը բառացի թարգմանի իր համար: Առանձնապես հավանել էր նախերգանքը: Ոգևորված քայլում էր ու արտասանում.
«Հեյ, պարոններ, ականջ արեք թափառական աշուղին…»
և խնդրում էր հայրկին, որ պեոմը նորից կարդա:
Երկուսով նստած՝ մինչև ուշ գիշեր պոեմը արարների էին բաժանում, պատկերներ գծում:
Հայրիկի ցանկությամբ օպերան պիտի կոչվեր «Գոհար» իշխանուհու անունով: Բայց, ինչպես հետագայում Ալեքսանդր Սպենդիարյանն է բացատրել. երկու ձայնավորների՝ օ-ի և ա-ի հարևանությունը խանգարել է երաժշտությունը գրելիս, ուստի և «Գոհարը»փոխարինել է այդ անվան հոմանիշ «Ալմաստ» անունով»: