Նրա գերեզմանը դարձրել ՍՐԲԱՎԱՅՐ. Ո՞վ Է ՆԱ և ի՞նչ արել
Լեհաստանին սահմանակից ուկրաինական Ռավա Ռուսկայա քաղաքի մերձակայքում 1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին գերմանացիների հետ մարտի բռնված զորքերի թվում մի ՀԱՅ կար, ում անունը հետո պիտի անմահ մնար աշխարհի պատմության էջերում:
Նրա շիրիմին հուշարձան է տեղադրվել, որի վրա գրված է. «Այստեղ հանգչում է սահմանապահ ավագ լեյտենանտ Մարկ Ստեփանյանը, որը 1941 թվականի հունիսի 25-ին քաջի մահով ընկավ ֆաշիստական զավթիչների հետ մարտերում»։
Ինչով էր առանձնացել Մակար (ընկերները նրան Մարկ էին կոչում) Ստեփանյանը։
Հիտլերականները հունիսին ձգտում էին հնարավորինս արագ զավթել Ռավա–Ռուսկայա։ Սակայն անսպասելիորեն բախվեցին սահմանապահների կատաղի դիմադրությանը։ Հրաձգային ստորաբաժանումների հետ մեկտեղ նրանք մոլեգին հակահարձակումներ էին նախաձեռնում, և երբեմն նրանց հաջողվում էր հակառակորդին պետական սահմանից այն կողմ շպրտել։
1941 թվականի հունիսի 22-ին` առավոտյան ժամը 5-ին, Մակար Ստեփանյանը սահմանապահների խմբի հետ հրաման ստացավ ամեն գնով կանգնեցնել պաշտպանական գիծը հատած թշնամուն, նրան հետ շպրտել պետական սահմանից և զբաղեցնել պաշտպանական գիծը։ Սկսված անհավասար պայքարը տևեց շուրջ 90 ժամ։
Հունիսի 25-ին, հերթական մարտի ժամանակ, Ստեփանյանը, որը զինվորներին հարձակման էր տանում, ընկավ գնդացրի արձակած կրակոցներից։ Գրոհը հաջողված էր, իսկ սպային թաղեցին զինվորին վայել պատիվներով։
Ռավա Ռուսկայա քաղաքում նրա պատվին հուշարձան կանգնեցրին, նրա անունով կոչեցին միջնակարգ դպրոց, փողոց, պիոներական ջոկատ։ Իսկ հերոսի գերեզմանը «սրբավայր» է դարձել և քաղաքի բնակիչների համար, այնտեղ ծաղիկներ են խոնարհում ՝ զոհվածների հիշատակին։
1950-ականներին Ստեփանյանը պարգևատրվեց «Պետական սահմանի պահպանության գործում աչքի ընկնելու համար» մեդալով։ 1999 թվականին նա հետմահու պարգևատրվեց Ուկրաինայի նախագահի մեդալով։