Ցեղասպանությունից փրկված ՀԱՅԻ ՈՐԴՈՒ անհավատալի հուշերը
Երևանի կենտրոնական փողոցներից մեկում «Little Kilikia» պատմական և հայրենասիրական անվանումով մի ռեստորան կա։ Ռեստորանի սեփականատեր Ստեֆան Հովակիմ Քեշիշյանը հյուրերին համեղ ուտեստներ է հյուրասիրում, որոնք պատրաստում են Արևմտյան Հայաստանի խոհանոցի բաղադրատոմսերով։ Նման ուղղության ընտրությունը պատահական չէ. նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են։
Նա ծնվել է Լիբանանում, Բեյրութից Երևան է տեղափոխվել մոտ մեկ տարի առաջ։ Ասում է` չէր ուզում երեխաներին մեծացնել օտարության մեջ։ «Թեև մենք այնտեղ ենք ծնվել, բայց դա մեր հողը չէ, նույնիսկ հարյուր տարի անց մենք այնտեղ օտար ենք։ Եվ եթե մենք հայրենիք ունենք, ինչու՞ պետք է ներդրում անել այլ երկրում։ Սա` բիզնեսի տեսանկյունից», – խոստովանում է Ստեֆանը:
Այս հայրենասերը որոշել է ամեն գնով երեխաներին մեծացնել պատմական հայրենիքում, բայց այս ամենը կարող էր չլինել, ինչպես և ինքը կարող էր չլինել, եթե Ստեֆանի պապի քույրը դաժան ընտրություն չաներ` որոշելով սպանել սեփական երեխային հանուն փոքր եղբոր փրկության:
«Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ հորս հորաքրոջը` Արուսյակին, ստիպեցին հարազատ Կեսարիան լքել նորածին երեխայի և փոքր եղբոր հետ, որը պապս էր` Ստեֆանը։ Քանի որ նրանց ընտանիքը քաղաքի ամենահարուստ ու բազմանդամ ընտանիքներից մեկն էր, թուրքերը կոտորել էին գրեթե բոլորին, իսկ նրանց երեքին արտաքսել` ուղարկելով Սիրիայի Դեր Զոր անապատ»:
Երիտասարդ կինը երեխաներին գրկած քայլել է։ Փոքրիկների համար սննդի միակ աղբյուրը եղել է նրա կրծքի կաթը։ Սակայն շուտով Արուսյակը` սոված, հոգնած ու ուժասպառ եղած, հասկացել է, որ այլևս չի կարող միանգամից երկու երեխայի կերակրել։ Օրեցօր ավելի հստակ է հասկացել, որ պետք է սարսափելի ընտրություն անի և կերակրի միայն մեկին։
Մեծ ժայռ տեսնելով` կինը մոտեցել է ծայրին և այնտեղից նետել իր երեխային` որոշելով հետ չնայել։ Հետո գրկել է եղբորն ու շարունակել ճանապարհը։
«Նման որոշում կայացնելիս նա մտածել է, որ հետո նորից կամուսնանա և երեխաներ կունենա (ինչը, ի դեպ, այդպես էլ չի արել) և փրկել է եղբորը, քանի որ իր ընտանիքի անդամներից ոչ ոք այլևս ողջ չէր… Այս պատմությունը մենք հիշում ենք ամեն տարի և փոխանցում սերնդեսերունդ», – ասում է Ստեֆանը։
Փրկված Ստեֆանը Սիրիայում է մեծացել, որտեղ ամուսնացել է Արաքսյայի հետ։ Նրանք երկու երեխա են լույս աշխարհ բերել` Երվանդն ու Հովակիմը։ Սակայն երջանկությունը երկար չի տևել։
«Պապս մահացել է, երբ հայրս` Հովակիմը, ընդամենը 1.5 տարեկան է եղել։ Արաքսյան խոհարար է աշխատել և քրտնաջան կատարել է իր աշխատանքը։ Նա մեծացրել է երեխաներին, որոնց համար և՛ մայր, և՛ հայր է եղել», – պատմում է մեր զրուցակիցը։
Հովակիմը սկսել է օգնել մորը դեռ 8 տարեկանում։ Նա աշխատել է դպրոցից հետո։ Այնուհետև համալսարան է ընդունվել` դառնալով արաբական գրականության մասնագետ:
Հովակիմն ամուսնացել, 3 երեխա է ունեցել։ Այսօր նա 72 տարեկան է, ապրում է Բեյրութում։