Թուրքերը տղային նետել են կամրջից, բայց նա փրկվել է. Հայ Մաուգլիի անհավանական պատմությունը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Թուրքերը տղային նետել են կամրջից, բայց նա փրկվել է. Հայ Մաուգլիի անհավանական պատմությունը

Թուրքերը տղային նետել են կամրջից, բայց նա փրկվել է. հայ Մաուգլիի անհավանական պատմությունը

1915 թվականի ջարդերի ժամանակ Բաբո Կույումջյանը 6 տարեկան է եղել։ Ամբողջ ընտանիքից միայն նա է փրկվել։ Ժաննա Պողոսյան, Sputnik

1915 թ-ի ցեղասպանությունից փրկված հայերի մասին պատմություններն ապշեցուցիչ են, հուզիչ և երբեք չեն կորցնում արդիականությունը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանը հոդված է հրապարակել «The Armenian Weekly» պարբերականում՝ «Փրկվածները․

հայոց Ցեղասպանությունից հետո ողջ մնացած երեխաները՝ Հալեպի մանկատանը» վերնագրով, և ներկայացրել է կոտորածից փրկված կանանց և երեխաների իրական պատմությունները։

Գզոյանը պատմում է, որ 1915 թ-ին թուրք սպաներին հրամայված էր սպանել 18-50 տարեկան բոլոր հայ տղամարդկանց։ Կանանց և երեխաներին հանձնում էին, այսպես կոչված, «սպիտակ ստրկության», այսինքն՝ գրոշներով (ավելի ճշգրիտ՝ 0,5-2 թուրքական ոսկով կամ լիրայով՝ մոտ 2-8 ԱՄՆ դոլար) վաճառում էին թուրքական ընտանիքներին՝ որպես ծառա։

Այդ հարցին անդրադարձ կա Անտանտի երկրների ու Օսմանյան կայսրության կառավարության ստորագրած Սևրի խաղաղության պայմանագրի 142-րդ կետում։ Պայմանագրի ստորագրման պահին` 1920 թվականին, Թուրքիայի զգալի մասն արդեն գրավել էին Անտանտի պետությունների զորքերը։

Ըստ այդ կետի` «…Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է բոլոր անհրաժեշտ միջոցներով օգնել, որ փնտրեն և ազատագրեն ցանկացած ռասայի և կրոնի այն անձանց, որոնք անհետացել, վաճառվել կամ գերի են ընկել 1914թ․-ի նոյեմբերի 1-ից սկսած…»։

Դրան հետևեցին որբերի զանգվածային որոնումները, և նրանց խնամքի համար հատուկ կենտրոններ կառուցվեցին։ Մեկը՝ Հալեպի որբերի տունը, բացվեց Սիրիայի մայրաքաղաքում, դանիացի միսիոներուհի Կարեն Յեպպեի ջանքերով։

Նա մոտ 2000 հայի է փրկել մուսուլմանական հարեմներից. ոմանց համար փրկագին է վճարել, ոմանց էլ օգնել է փախչել։ Հալեպի որբերի տունը փրկության անհավանական պատմություններ է տեսել, որոնցից մեկը Գզոյանը պատմում է իր հոդվածում։

Բաբո Կույումջյան անունով պատանին 18 տարեկան է եղել, երբ հայտնվել է Հալեպի որբերի տանը։ Անձնական գործից (կազմվում էր որբանոցի յուրաքանչյուր բնակչի համար) հետևում է, որ Բաբոն իր ընտանիքի միակ փրկված անդամն է եղել։

Կույումջյանի ընտանիքն ապրել է Մալաթիա գավառի Հեքիմ Խան գյուղում։ Ընտանիքի հայրը՝ Գարո Կույումջյանը, 1914թ-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, զորակոչվել է թուրքական բանակ։ Նա այդպես էլ չի վերադարձել, բայց հաստատ հայտնի չէ` զոհվել է մարտի դաշտում, թե գնդակահարվել թուրքերի կողմից, քանի որ հաճախ զորակոչի պատրվակով հայ տղամարդկանց զանգվածային սպանություններ էին իրականացվում։

1915 թվականին Բաբոն 6 տարեկան է եղել։ Նա պատմել է, որ «քաղաքից եկած» թուրքերը խառնաշփոթ են առաջացրել գյուղում։ Մտել են նրանց տուն, Բաբոյին և նրա մորը՝ Վարդենի անունով, միացրել են քարավանին։ Ամայի վայր հասնելով՝ նրանք բռնաբարել են մորը, իսկ տղային նետել են կամրջից։ Սակայն տղան հրաշքով ողջ է մնացել։ Նա փախել է մոտակա լեռներ և երկար ժամանակ ապրել անտառներում վայրի կենդանիների հետ` սնվելով միայն խոտերով։

Որոշ ժամանակ անց նա հասել է բնակելի գյուղ, որտեղ ինչ-որ ժամանակ գոյատևել է ողորմություն խնդրելով։ Ապրելու միջոցներ որոնելով` նա գյուղից գյուղ է անցել, մինչև աշխատանք է գտել գյուղերից մեկում՝ վարորդ դառնալով մուսուլման ընտանիքում։ Այնտեղ էլ հանդիպել է երկու հասակակից հայերի, որոնք նույնպես տուժել են ջարդի ժամանակ։ Տղաները միավորվել ու որոշել են փախուստ կազմակերպել։ Շրջանցիկ ճանապարհներով հասել են Սիրիա և 1927 թ․-ի նոյեմբերին հայտնվել Հալեպի որբերի տանը։

Բաբոն որբանոցում երկար չի մնացել։ Անհրաժեշտ օգնություն տրամադրելուց հետո 1928թ-ի հուլիսին նրան ուղարկել են «ազատ թռիչքի»։ Հայ Մաուգլիի հետագա

ճակատագիրն անհայտ է, սակայն Որբերի տան հաշվետվության եզրակացությունը՝ «ինքնուրույն է, կարող է իր մասին հոգ տանել», հույս է ներշնչում, որ նա հետո լավ կյանքով է ապրել, թեև այդ կյանքը մռայլ ու անհույս էր սկսվել։

Оцените статью