Լուկաշենկոյին ՌԴ նախագահ Պուտինը նեղ շրջապատում, ըստ ինսայդերների, անվանում է կարտոֆիլային որմզդեղ (картофельный лось)։ Ընդհանրապես, այս կենդանին հետխորհրդային տարածքում երեւում է քաղաքական որոշակի «կիրառում» ունի։ Օրինակ, Հայաստան դաշինքի ղեկավարի տիկինը որմզդեղի հետ էր համեմատել պաշտպանության նախկին նախարարներից մեկին։ Իսկ ՌԴ պետդումայի պատգամավորներից մեկին նույնիսկ կասկածել են որմզդեղների հետ ռոմանտիկ կապերի մեջ։
Սա իմիջիայլոց։ Լուկաշենկոյի հայտարարությունները Հայաստանի մասին բուռն արձագանք են առաջացրել։ Իշխանությունը քիչ թե շատ համարժեք պատասխան է տվել նրա «ում է պետք Հայաստանը, գնալու տեղ չունի» հայտարարությանը։ ԱԺԲ երիտասարդական թեւը բողոքի ակցիա է արել Առինջում Բելառուսի դեսպանատան առաջ՝ «մի պարկ կարտոֆիլ կոլխոզի նախագահ Լուկաշենկոյին»։
Հետաքրքիր էր ռուսանպաստ «ընդդիմության» արձագանքը։ Լուկաշենկոյին ոչ ոք չի դատապարտել, թեեւ խոսքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի մասին էր։ Պատճառը հասկանալի է՝ Լուկաշենկոյի հայտարարությունների հետեւում ռուսանպաստ «ընդդիմադիրները» տեսնում են Պուտինի ականջները եւ Միութենական պետություն մտնելու «հրավեր»։ Այս շրջանակները դեմ չեն Հայաստանի ինքնիշխանության վերացմանը ռուսական ռեզերվացիայի տեսլականով, ինչի մասին բազմիցս հայտարարել են։
Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի հայտարարություններին, ռուսանպաստ «ընդդիմադիրները» հայտարարում են, որ պատճառը Փաշինյանի վարած քաղաքականությունն է, որի արդյունքում Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունը, ինքնիշխանությունը, դարձել է նվաստացման առարկա, եւ այլն։ Այս «բացատրությունը» հեռու չէ ճշմարիտ լինելուց, միեւնույն ժամանակ կիսատ-պռատ է, ինչպես մյուս դեպքերում։ Բանն այն է, որ Լուկաշենկոն ոչ պակաս վիրավորական հայտարարություններ է արել նաեւ նախկինում, եւ ոչ միայն հայտարարություններ, այլեւ հակահայ քայլեր։ Այսինքն, այդ ամենի պատճառը միայն Հայաստանի իշխանությունների քաղաքականությո՞ւնն է։ Գուցե նաեւ այն, որ Լուկաշենկոն Հայաստանի դեմ ռուս-թուրքական տանդեմի ծրագրերի մե՞ջ է, Բաքվի ակնհայտ լոբբինգով եւ աջակցությամբ։
Իր հերթին, Միութենական պետությունը, որը վաղուց է ստեղծվել, Լուկաշենկոյի ջանքերով առայժմ լիարժեք չի գործում, ինքը Լուկաշենկոն, ինչպես գանգատվում են ռուս փորձագետները, անընդհատ ձգձգում է այդ գործընթացը, փորձում ժամանակ շահել՝ կամ էշը կսատկի, կամ էշատերը հույսով։ Ասում են նաեւ, որ Բելառուսում ռուսական զորքերի ներկայության ու պլանների վերաբերյալ Լուկաշենկոն գաղտնի տեղյակ է պահել Ուկրաինային ու Արեւմուտքի մի շարք երկրների։
Ասում են, որ Լուկաշենկոն նաեւ հնարավոր ապաստաններ է փնտրում իր համար, եթե գործերը հաջող չընթանան։