Ինչու՞ հենց Սուրբ Սարգիսն է համարվում երիտասարդների և սիրահարների բարեխոս

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինչու՞ հենց Սուրբ Սարգիսն է համարվում երիտասարդների և սիրահարների բարեխոս

Հայոց պատմությունը հարուստ է սրբերով և սուրբ նահատակներով։ Ինչու՞ հենց Սուրբ Սարգիսն է համարվում երիտասարդների և սիրահարների բարեխոս։

Լեգենդ կա, որ երբ Սարգսի գլխավորած ջոկատը հաղթանակած վերադարձավ տուն, նրանց հրավիրեցին այդ իրադարձությունը նշել արքունիքում։ Երբ զինվորները քնեցին առատ ընթրիքից հետո, քրիստոնյաներին ատող հավատուրաց կայսրը հրամայեց 40 երիտասարդ աղջիկների սպանել քնած զինվորներին։

Աղջիկները կատարեցին կայսեր դաժան հրամանը, և միայն նրանցից մեկը, ում գեղեցկությամբ գերվել էր Սարգիսը, նրան սպանելու փոխարեն համբուրել է։

Սիրահարվելով միմյանց առաջին հայացքից` երիտասարդները փախնում են քաղաքից։ Այսպես, հենց սերը փրկեց Սարգսի կյանքը։ Այդ իսկ պատճառով նրան համարում են սիրահարների բարեխոս։

Հին ժողովրդական ավանդույթի համաձայն, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երիտասարդներն աղաբլիթ են ուտում, իսկ դրանից հետո արգելվում է ինչ–որ բան ուտել կամ խմել։ Այդ գիշեր նրանք երազում տեսնում են իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։

Կտուրին կամ պատշգամբում դնում են նաև սկուտեղ բոված ալյուրով և սպասում, թե երբ դրա վրա կհայտնվի Սուրբ Զորավար Սարգսի նժույգի սմբակի հետքը։ Լեգենդի համաձայն, Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնում է տների վրայով, և եթե ալյուրի վրա մնում է ճերմակ ձիու սմբակի հետքը, ապա այդ տարի կկատարվի սիրահարված տղայի կամ աղջկա երազանքը։

Սիրահարները միմյանց այդ օրը նվիրում են բացիկներ, ծաղիկներ և անուշեղեն։ Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ, իսկ այնուհետև կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։

Оцените статью