Գրեթե ամբողջ աշխարհն այսօր նշում է Սուրբ Վալենտինի տոնը: Սիրահարների տոնը ներթափանցել է նաև Հայաստան:
Թեև շատերը դեմ են այս տոնին` համարելով այն կաթոլիկական տոն, բայց սիրահարներն այն նշում են մեծ խանդավառությամբ:
Վալենտինը հայտնի է որպես սիրո և սիրահարների հովանավոր, սակայն քչերը գիտեն, թե ո՞վ է Վալենտինն ու ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը:
Սուրբ Վալենտինի շուրջ հյուսված լեգենդի համաձայն` 3-րդ դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական, ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում:
Նա զբաղվել է գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ:
Այդ ժամանակ Կլավդիոս 2-րդ կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ: Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ: Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ:
Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան:
Դրանից հետո, իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են:
Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»:
Նույն օրը` 269 թ. փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ:
Այդ օրվանից ամեն տարի հիշում են Վալենտինին, ում պատվին տոնը կոչվել է Սուրբ Վալենտին:
Կիսվի՛ր այս նյութով՝