Գիտնականները նշում են, որ հորանջոցը շատ օգտակար ռեֆլեքս է, որն օգնում է «զովացնել» գլխուղեղն ու բարելավել կոգնիտիվ գործառույթները, սակայն որոշ դեպքերում այն կարող է լինել բավական լուրջ ախտանշան և նախազգուշացնել մի շարք վտանգավոր հիվանդությունների մասին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական 5 խնդիր, որոնց մասին կարող է հուշել հորանջելու ցանկությունը:
Քրոնիկ հոգնածություն
Պարբերաբար հորանջելը կարող է լուրջ ազդանշան լինել, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Այն կարող է վկայել արյան մեջ կորտիզոլ հորմոնի բարձր մակարդակի մասին, իսկ այս հորմոնի մակարդակը բարձրանում է, երբ մարդը երկար ժամանակ սթրեսային վիճակում է գտնվում:
Այս դեպքում խնդիրը կարող է ուղեկցվել նաև անկանոն անոթազարկով, կրծքավանդակի հատվածի ցավով, հաճախակի շնչառությամբ ու գլխացավով:
Սրտի հետ կապված խնդիրներ
Նման ախտանշան կարող է ի հայտ գալ նաև զարկերակային ցածր ճնշման ու սրտի զարկերի հաճախականության դանդաղեցման դեպքում, որոնք վկայում են սրտանոթային համակարգում անբարենպաստ գործընթացների մասին:
Եթե հորանջոցն ուղեկցվում է ոչ շատ խորը շնչառությամբ, քայլվածքի խանգարումներով, սրտխառնոցով ու կրծքավանդակի ցավով, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել:
Լյարդի խանգարումներ
Լյարդի հիվանդությունների դեպքում ի հայտ են գալիս հորմոնալ դիսբալանս ու սաստիկ հոգնածություն, ինչով էլ պայմանավորված է լինում հաճախակի հորանջոցը:
Եթե այն ուղեկցվում է նաև ախորժակի կորստով, սրտխառնոցով կամ այտուցներով, ապա հարկավոր է դիմել մասնագետին:
Ցրված սկլերոզ
Ցրված սկլերոզի դեպքում ախտահարվում է հիվանդի գլխուղեղի ցողունը և ի հայտ են գալիս ակամա ռեֆլեքսներ, այդ թվում նաև հորանջոց:
Այս հիվանդության մյուս ախտանշանների շարքին են դասվում տեսողության վատացումը, հավասարակշռության հետ կապված խնդիրներն ու վերջույթների թմրածությունը:
Գլխուղեղի կաթված
Հորանջոցը կարող է նախազգուշացնել նաև գլխուղեղի կաթվածի բարձր հավանականության մասին:
Սակայն կաթվածի դեպքում պետք է ի հայտ գան նաև այլ ախտանշաններ, ինչպիսին են դեմքի ծռվածությունը, ձեռքերը վեր բարձրացնելու անկարողությունը և խոսքի փոփոխությունները:
Գլխուղեղի կաթվածի դեպքում բարձրանում է մարդու մարմնի և գլխուղեղի ջերմաստիճանը, ինչն էլ դառնում է հորանջելու ցանկության պատճառ:
Նյութի աղբյուրը