Զnհված 23-ամյա Բորիս Կարախանյանը Արցախի Մեծ Շեն գյուղից էր. Հայրը զոհվել էր 2016 թ․-ի ապրիլյան պատերազմում (ֆոտո)

ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ՝ Վարդենիսի ուղղությամբ հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող 23-ամյա Բորիս Կարախանյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանն ասաց, որ Բորիսի ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո էր տեղափոխվել Հրազդան Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից:

Բորիսն ու եղբայրը Հայաստանի զինված ուժերում անցել էին պայմանագրային ծառայության, քույրն Արցախում է ամուսնացած, իսկ նրանց հայրը զոհվել էր 2016 թվականին արցախյան պատերազմի ժամանակ:

Բորիսը Արցախում ծառայել է Քարվաճառի զորամասերից մեկում, իսկ Քարվաճառը հանձնելուց հետո տեղափոխվել էր Վարդենիսի զորամաս:

Բորիս Կարախանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր Հրազդանի Կոճոռի զինվորական պանթեոնում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Оцените статью