Գուրգեն Գաբրիելյանի ամենատիպային ու հաջողված կերպարը, թերևս, «Ոսկե ցլիկը» ֆիլմում նրա կերտած Նաջարյանի կերպարն էր, որը,
սակայն, ճակատագրական եղավ տաղանդավոր արտիստի համար։ Այդ կերպարը նրա համար դարձավ կարապի երգ։
Աննա Բաբաջանյանն իր «Դա եղել է այսպես» գրքում որոշ մանրամասներ է ներկայացրել ֆիլմի ու դերակատարի կյանքի այդ շրջանի մասին։
Ֆիլմում գլխավոր դերակատարը երազ է տեսնում, որտեղ փախչում է վագրի հետապնդումից։
Այդ կադրերի նկարահանման ժամանակ մասնակցել է ռուս վարժեցնող Վալտեր Զապաշնիի վագրը։
Գուրգեն Գաբրիելյանն առանց փոխարինողի է այդ կադրերում նկարահանվում, որի ժամանակ էլ, ինչպես ինքն է խոստովանել ուժեղ հուզական ապրումներ է ունեցել։
Ֆիլմի նկարահանումից հետո, երբ արտիստն իրեն վատ է զգացել ու անկողին ընկել, բժիշկները նրա վիճակը մեկնաբանել են նաև ուժեղ հուզական ապրումներ ունենալու հանգամանքով՝ կապելով ֆիլմի նկարահանման այդ դրվագի հետ։
Հավելենք, որ կադրերը նկարահանվել են Երևանում՝ Ֆլորայի այգում, ավելի կոնկրետ՝ ամառային դահլիճում։