Կարծում ենք, խոհանոցի վերանորոգումը մեր մայրիկի համար անմոռանալի ու շատ կարևոր նվեր էր: Մեր բյուջեն համեստիկ էր, բավականացրեց միայն շինանյութ ու տեխնիկա գնելուն, իսկ հիմնական աշխատանքը մենք ինքներս ենք կատարել՝ ներդնելով մեր հոգու մի մասնիկը:
Պատուհանը մի քանի տարի առաջ էր տեղադրվել, այն թողեցինք, իսկ պատուհանագոգը հանեցինք՝ փոխարինելով այն սեղանածածկով, որը հարմար է ոչ միայն ծաղկամաններ դնելու, այլև սնունդ պատրաստելու համար:
Պատերից հանեցինք հին պաստառները, հատակի համար ընտրեցինք նոր սալիկներ: Թաքցրեցինք մարտկոցները՝ հարմարեցնելով ընդհանուր խոհանոցին:
Կանգ առանք կահույքի սպիտակ գույնի վրա: Շատերին թվում է, թե սպիտակ խոհանոցի մաքրությունը պահպանելը դժվար է, սակայն այդպես չէ, առանձնհատուկ խնամք չի պահանջվում: Բացի այդ սպիտակի շնորհիվ փոքր տարածքը ավելի ընդարձակ է թվում:
Լայն սեղանածածկի շնորհիվ ավելացավ աշխատանքային մակերեսը: Կահույքի վերևի պահարանների տակ կա ներկառուցված լուսավորություն, այնպես որ որևէ աշխատանք կատարելը հեշտ է ու հարմար:
Լվացարանը տեղավորեցինք անկյունում. հարմար է, քանի որ մոտ է սեղանածածկին ու հեռու է գազօջախից, այսինքն ամանները լվանալիս փրփուրը չի լցվի կաթսաների վրա:
Նոր սառնարան գնել չկարողացանք, բայց մայրիկին խոստացանք առաջին իսկ հնարավորության դեպքում փոխել այն:
Միակ բանը, որ մեր սրտով չէ, միկրոալիքային վառարանի տեղն է. այն դրել ենք սառնարանի վրա: Բայց քանի որ մայրիկը այն հազվադեպ է օգտագործում, կարծում ենք առանձնապես անհարմարություն չի զգա:
Սառնարանի կողքի պատին հեռուստացույց կախեցինք, ու երբ նստում ես ճաշասեղանի մոտ, շատ հարմար է դիտել: