Յուրաքանչյուր մարդ տեխնիկա ընտրելու հարցում ունի որոշակի սկզբունքներ:
Օրինակ ես երբեք չեմ խնայում գումարը և ընտրում եմ բարձրորակ սարքեր: Երբեմն խնայելու նպատակով մատչելի արժեքով գնված ապրանքը արդյունքում ավելի թանկ է ստացվում:
Եվ երբ եկավ օդաքարշ գնելու ժամանակը, ես առաջնորդվեցի նույն սկզբունքով. ընտրել լավ ապրանք:
Ուշադրությունս գրավեց այս մոդելը: Այն ինձ դուր եկավ հատկապես լրացուցիչ ֆունկցիաներ ունենալու համար՝ լուսավորություն և հզորության կարգավորում:
Տեղադրելու և օգտագործելու հենց հաջորդ օրը հիասթափություն ապրեցի: Ոչ մի օգուտ չտեսա դրա շահագործումից: Ձուկ տապակելուց առաջացած հոտը, ծուխը առաջվա պես տարածվեցին բնակարանով մեկ: Միակ բանը, որ մեզ տվեց օդաքարշը՝ աղմուկն է:
Հատկապես բարձր հզորությամբ միացրած լինելու ժամանակ շատ է աղմկում:
Ձմռանը ապրեցի ավելի մեծ հիասթափություն: Այն հատվածում, որտեղ միանում են օդաքարշն ու պատը, տարօրինակ ջրի հետքեր ի հայտ եկան: Պաստառները սկսեցին պոկվել: Մենք վերջերս էինք վերանորոգում արել, ու այսպիսի անակնկալ…
Որոշ ժամանակ անց պարզեցինք, որ օդաքարշի խողովակի մեջ շատ սառույց է կուտակվել: Օդը չէր շրջանառվում, և օդաքարշի համար նախատեսված անցքում սառույցը հալվում էր, իսկ հեղուկը լցվում տուն:
Ափսոսում եմ, որ կատարել ենք նման գնում. անձամբ ինձ համար սա գումարի զուր վատնում է: