Տեսեք թե ինչ են արել համացանցի օգտատերերը Չինաստանում սառնամանիքին ոտքով դպրոց հասած երեխայի համար

ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Յունան նահանգի գյուղերից մեկում բնակվող Վանգ Ֆուման անունով երեխան հայտնի է դարձել ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև ամբողջ աշխարհում. հունվարի սկզբին ութամյա տղան ոտքով հինգ կիլոմետր էր անցել -9 աստիճան ցրտին՝ դպրոց հասնելու և քննություն տալու համար:

Ուսուցիչը լուսանկարել էր սառցակալած մազերով ու կարմիր այտերով երեխային ու հրապարակել լուսանկարը համացանցում: Դրանից հետո այս պատմությունն անսպասելի շարունակություն է ստացել, որին անդրադարձել է AdMe.Ru-ն:

Պարզվում է, որ երեխայի մոտ քրոնիկական հիպոթերմիա՝ թերջերմություն կա, որի ժամանակ մարմնի ջերմությունը նվազում է, երբ ջերմատվության պրոցեսները գերազանցում են ջերմարտադրությունը: Այդ իսկ պատճառով տղան անընդհատ մրսում է, և նրա ձեռքերն այտուցվում են:

Երեխայի փոքրիկ դպրոցում ջեռուցում չկա, և աշակերտները դասերի ժամանակ բաճկոններ են կրում: Վանգը շատ է ուզում կրթություն ստանալ, ահա թե ինչու նա դպրոց է գնում՝ անտեսելով բոլոր անհարմարությունները:

Հատկանշական է, որ «սառած երեխայի» լուսանկարը գրավել է համացանցի օգտատերերին, իսկ լրատվամիջոցներն անվանել են նրան «չինական ազգի տոկունության ու քաջության խորհրդանիշ»:

Դրանից բացի, լուսանկարը չինացի դպրոցականների դժվար կացության վերաբերյալ քննարկումներ է առաջացրել. երեխաներն ապրում են տատիկների ու պապիկների հետ, մինչդեռ նրանց ծնողները գումար վաստակելու համար ուրիշ քաղաքներ են մեկնում:

Նշվում է, որ հունվարի վերջին Վանգին նրա քրոջ ու հոր հետ հրավիրել են Պեկին, որտեղ նա զվարճանալու և ուրախ ժամանցի հնարավորություն է ստացել: Տղան նաև մասնակցել է մամուլի ասուլիսի, որի ժամանակ պատմել է, որ հույս ունի ընդունվել Պեկինի համալսարան ու դառնալ ոստիկան կամ բժիշկ:

«Տանը ցուրտ է, մենք անընդհատ փայտածուխ ենք վառում ու բաճկոններով քնում: Իսկ այստեղ տներն այնքան տաք են, ես կարող եմ ընդամենը մի վերնաշապիկ կրել: Առաջին անգամ եմ նման բան տեսնում. ջեռուցումը հրաշք է», – ասել է տղան:

Բարեբախտաբար, համացանցի օգտատերերն անտարբեր չեն մնացել ու 3 միլիոն յուան են հավաքել (մոտ 450 հազար դոլար): Այս գումարով Վանգի դպրոցում կվերանորոգվի ջեռուցումը, ջեռուցիչներ ու տաք հագուստներ ձեռք կբերվեն Յունան նահանգի կարիքավոր ընտանիքների երեխաների համար:

Оцените статью